Ստամբուլում բերման են ենթարկվել խաղաղ հավաքի մոտ 5 տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ հայեր

Շաբաթ օրը՝ օգոստոսի 25-ին, Ստամբուլի Գալաթայի աշտարակի մոտ անցկացվող խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել ցուցարարներ, այդ թվում՝ հայտնի հայեր: Հավաքը կազմակերպել էր «Շաբաթ օրվա մայրեր» խումբը, որն ավանդաբար հավաքվում է շաբաթ օրերին՝ ի հիշատակ իրենց ազգականների, որոնք 20-30 տարի առաջ ոստիկանության գործողությունների արդյունքում անհետացել են:

Այս շաբաթ անցկացվում էր թվով 700-րդ հավաքը, իշխանությունները, խուսափելով մարդկանց մեծ կուտակումներից, հայտարարել էին, որ չեն արտոնելու հավաքը: Ի պատասխան՝ հավաքվել է էլ ավելի շատ մարդ, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը, «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր, հանգուցյալ Հրանտ Դինքի որդին՝ Արաթ Դինքը, «Ակօսի» նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, որը ներկայում «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիրն է:

Ցուցարարներից մեկի վկայությամբ՝ ոստիկանությունը հայտարարել է, որ Ստամբուլի նահանգապետը ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ արգելել է հավաքը: Երբ ցուցարարները հրաժարվել են ենթարկվել, կիրառվել է ջրցան և արցունքաբեր գազ: Բերման է ենթարկվել մոտ 5 տասնյակ մարդ, այդ թվում՝ Քոփթաշը:

Լուսանկարում, որի հեղինակն է Վեդաթ Արըքը, մարդիկ փորձում են թույլ չտալ Արաթ Դինքի բերման ենթարկումը:

Դեռ պարզ չէ, թե արդյոք արգելքն ուժի մեջ կմնա մյուս շաբաթ, և ինչպես հանրությունը կարձագանքի դրան:

Ազատ արձակվելուց հետո Ռոբեր Քոփթաշը պատմել է, որ պատահական չէ՝ այդքան հայեր կային ցուցարարների թվում: «Շաբաթ օրվա մայրերը» Թուրքիայում քաղաքացիական անհնազանդության ամենահին ավանդույթներից է: Սա մի հարթակ է, որտեղ մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում, երբ պետության կողմից սպանվում եմ քաղաքացիներ, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:

«Սա մեզ հիշեցնում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ»,- ասել է Քոփթաշը:

«Շաբաթ օրվա մայրերը» 2013թ. «Հրանտ Դինք» մրցանակի դափնեկիրն է:

Մեկնաբանել