Մերկելն Ադրբեջանում Հայաստանի հետ խաղաղության կոչ է արել

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է իր երկրի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․ այս մասին կանցլերը հայտարարել է Բաքվում, որը նրա հարավկովկասյան շրջագայության վերջին կանգառն էր։

Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle-ն, Բաքվում Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է միջնորդի դեր ստանձնել կարգավորման գործընթացում։

«Գերմանիան ցանկանում է օգնել գտնելու խաղաղ լուծում»,- լրագրողներին ասել է Մերկելը՝ հավելելով, որ հակամարտությունը «մեծ բեռ է տարածաշրջանի համար»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում Մերկելը տնտեսական ավելի սերտ համագործակցության կոչ է արել, քննարկվել են նաև ներքին հարցեր՝ այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտը։

Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելը ղարաբաղյան հակամարտության մասով մասնավորապես ասել էր հետևյալը․ «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք՝ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել»: