«Լույս» հիմնադրամի փոխարեն՝ «Հույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամի շրջանավարտները և կրթաթոշակառուները ստեղծում են «Հույս» հիմնադրամ, որը կաշխատի նույն ուղղությամբ, ինչ «Լույս» հիմնադրամը։ Աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համար ազգությամբ հայերին կրթաթոշակներ տրամադրող «Լույս» հիմնադրամը գործունեությունը դադարեցրեց այս տարվա մայիսին։

«Հույս» հիմնադրամը (Huys Foundation) ԱՄՆ-ում գրանցված անկախ, ոչ քաղաքական և ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է մեկ առաքելություն՝ օժանդակել հայ երիտասարդներին նվաճելու կրթական գերազանցության բարձունքները՝ միաժամանակ իրենց մտքով և գործով հավատարիմ մնալով Հայաստանին և Հայկական աշխարհին։

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների նախաձեռնած և իրականացրած «Հույս» հիմնադրամը մեկնարկում է իբրև անցում «Լույս» ոչ առևտրային կազմակերպությունից (Luys Inc.), որը հայաստանյան «Լույս» հիմնադրամի՝ ԱՄՆ-ում գործող գործընկեր կազմակերպությունն է։ Այս անցման արդյունքում «Հույս» հիմնադրամի գործունեությունը կենտրոնանում է կրթական գերազանցության վրա՝ դրան ծառայելով կրթաթոշակային միջոցների հայթայթման և ակադեմիական ու մասնագիտական ներուժը սպասարկող գլոբալ ցանցերի կառուցման միջոցով՝ որդեգրելով հաշվետվողականության, թափանցիկության և անկախության սկզբունքները։

«Հույս» հիմնադրամն իր գործունեությունը կառուցում է «Լույս» հիմնադրամի՝ գրեթե մեկ տասնամյակ ձգվող ձեռքբերումների հենքի վրա և իր խորին երախտագիտությունն է հայտնում «Լույսի» երկու հիմնադիրներին՝ պարոն Սերժ Սարգսյանին և պարոն Տիգրան Սարգսյանին, նաև «Լույսի» հովանավորներին և աշխատակազմին, որոնք ցանեցին այն բեկումնային տեսլականի սերմերը, ինչի շնորհիվ աշխարհով մեկ «Լույս»-ի ավելի քան 500 կրթաթոշակառուների կյանք է փոխվել։

Ելնելով նշված հրամայականի հրատապությունից՝ «Հույս» հիմնադրամը ողջունում է ցանկացած կազմակերպության, որը միտված է ծառայելու գերազանցության հասանելիությանը։ Այս առումով, մենք մեծապես ողջունում ենք տիկին Աննա Հակոբյանի համարձակ առաջնորդության ներքո «Իմ քայլը» հիմնադրամի մեկնարկը, որը 2018-2019 ուսումնական տարվա համար աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված բազմաթիվ ուսանողներ հովանավորելով՝ նոր ավյուն է տալիս այս առաքելության իրականացմանը»,- ասված է «Հույս» հիմնադրամի հաղորդագրությունում։

***

«Լույս» հիմնադրամի գործունեությունը փաստացի դադարեցվեց մայիսին՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո։

Ապրիլի 21-ին հիմնադրամի 160 կրթաթոշակառու Սերժ Սարգսյանին նամակ էր հղել՝ կոչ անելով կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Մայիսի 10-ին, Սարգսյանի հրաժարականից հետո արդեն, «Լույս»-ի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարեց, որ ծանուցում են ստացել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։

«Լույս» հիմնադրամի մասին ՍիվիլՆեթի տեսանյութը՝ ստորև։

Մեկնաբանել