Եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց դիտարկվի, Հայաստանը վետո կկիրառի․ ԱԳՆ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց է սկսել, և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը․ այս մասին այսօրվա ճեպազրույցին հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

«Հնարավոր է արդյոք, որ հաջորդ քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ չլինի՞» հարցին ի պատասխան Նաղդալյանը հիշեցրեց, որ 2015թ. սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ 6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն բոլոր անդամ պետությունները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի։ Ըստ դրա՝ այդ պաշտոնը երեք տարով տրվել է Հայաստանին։

Ճեպազրույցի ժամանակ երկու անգամ հարց հնչեց այն մասին, թե որն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցում։

«Պաշտոնական դիրքորոշումն այն է, որ եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- հայտարարեց ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը։

2017թ. Մայիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը։

2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում այս հուլիսի 27-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրվեց: Նա չի ընդունում այդ մեղադրանքը: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Յուրի Խաչատուրովն Հայաստանից մեկնել է Մոսկվա և շարունակում է կատարել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում սկսել են խոսել երկրի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորության մասին։

Ադրբեջանն ու ՀԱՊԿ-ը կշարունակեն ընթանալ զուգահեռ ուղեգծերով․ Մարկեդոնով

Մեկնաբանել