«Շաբաթ օրվա մայրերը» հայտարարում են, որ շարունակելու են 23 տարվա խաղաղ հավաքները

Օգոստոսի 25-ին Ստամբուլում «Շաբաթ օրվա մայրեր» խմբի խաղաղ հավաքին միջամտել է թուրքական ոստիկանությունը՝ կիրառելով ջրցան և արցունքաբեր գազ, բերման ենթարկելով տասնյակ քաղաքացիների։ Հավաքին մասնակցել են մի շարք հայտնի պոլսահայեր՝ խորհրդարանի անդամ Կարո Փայլանը, «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի որդին՝ Արաթ Դինքը, «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիր, «Ակօսի» նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, որն ի թիվս այլ ցուցարարների բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։

Թուրքիայի ընդդիմությունը, մասնավորապես, գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ ի դեմ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, քննադատել է շաբաթ օրը թուրքական ոստիկանության գործողություններն ընդդեմ «Շաբաթ օրվա մայրեր» խմբի։ Նա ասել է, որ միայն բռնապետական վարչակազմը կարող էր ոստիկանական հարձակում գործել նրանց վրա։

Մինչդեռ իշխանությունը՝ ի դեմ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, ասել է, որ խմբի անդամներն իրականում «մայրության գաղափարի քողի տակ ահաբեկչական գործունեություն են թաքցնում»։

«Նրանք փորձում են զոհի կերպար կերտել և բևեռացնել հասարակությունը»,- ասել է ՆԳ նախարարը։

Պաշտոնյայի այս խոսքերին արձագանքել է «Շաբաթ օրվա ժողովուրդ» նախաձեռնությունը, որի մեջ մտել են ինչպես անհետ կորածների ազգականները, այնպես էլ նրանց աջակիցները, իրավապաշտպան կազմակերպությունները։

Ըստ Hurriyet Daily News-ի, օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսին նախաձեռնության անդամները հայտարարել են, որ Սոյլուի խոսքերով փորձ է արվում ստվերել «Շաբաթ օրվա մայրեր»-ի պայքարի ժառանգությունը։

«Սոյլուի հայտարարությունը միտված է փաստերի աղճատմանը, շաբաթ օրվա հավաքների ժառանգության վարկաբեկմանը։ Սա քաղաքական միջամտություն է ընթացող դատավարություններին [անհետ կորածների գործերով]»,- ասված է համատեղ հայտարարությունում։

Ովքե՞ր են «Շաբաթ օրվա մայրերը» և ի՞նչ են պահանջում Թուրքիայից՝ «Թուրքիան այս շաբաթ» ամփոփման մեջ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել