Կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն․ Քոչարյանը՝ ռուսական NTV-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայաստանյան իշխանություններին մեղադրել է իր նկատմամբ քաղաքական վենդետա իրականացնելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Քոչարյանը պնդել է՝ այսօր իշխանության են եկել մարդիկ, ովքեր տասը տարի առաջ՝ 2008-ի մարտի 1-2-ին, զանգվածային անկարգություններ են կազմակերպել, որոնց հետևանքով 10 մարդ է զոհվել:

«Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին», – հայտարարել է Քոչարյանը: – «Այսինքն, տասը տարի անց իշխանության են եկել մարդիկ, ովքեր այն ժամանակ պարտվեցին ընտրություններում, և հիմա նրանց մտքում, թերևս այն է, թե ինչպես փոխհատուցել այն մարդկանց, ում իրենք համարում են թշնամիներ»:

Նախկին նախագահը նաև անդրադարձել է իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը և պատասխանելով լրագրողի հարցին՝ կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե՞ կոալիցիայով, պատասխանել է․ ֊ «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»:

Հայաստանում տեղի ունեցողը Քոչարյանը բնութագրել է որպես «անզուսպ պոպուլիզմ»:

Հեղափոխության պատճառը, ըստ երկրորդ նախագահի, Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների անցկացումն էր և իշխանությունը «իր ձեռքում պահելու» փորձը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզնաղբյուրում։

Մեկնաբանել