Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել: Այն ընդունվեց 81 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Բնապահպանության նախարարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել:

Երեկ նախագծի քննարկման ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հայտարարեց, որ այժմ ռազմավարական ծրագիր է մշակվում, որի նպատակն է ջրի արդյունավետ կառավարումը։

ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Լենա Նազարյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անունից հիմնավորեց Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտությունը։

Երեկ նախագծի քննարկմանը զուգահեռ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բնապահպանները՝ պահանջելով կասեցնել նախագծի ընդունումն ու հանրային լայն քննարկումներ անցկացնել։

Մեկնաբանել