Վրաստանի վարչապետն այցելում է Բաքու

Օգոստոսի 30-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնայան այցով ժամանել է Բաքու։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում սա Բախտաձեի առաջին այցն է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Բախտաձեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վրաստանի վարչապետը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամադովի և խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ։ 

Այցից առաջ Բախտաձեն հայտարարել է, որ քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններն ու առևտրի խթանման նոր նախաձեռնությունները։

«Բոլոր այս քայլերը դրականորեն կազդեն մեր տնտեսական աճի վրա և կնպաստեն նրան, որ հասնենք մեր գլխավոր նպատակին՝ Վրաստանը վերածենք տարածաշրջանային հանգույցի»,- ասել է Բախտաձեն։ 

Ադրբեջանն այսօրվա դրությամբ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 882 մլն դոլար։