«Բարեփոխումները ցավոտ գործընթաց են» տրամաբանությունից պետք է հրաժարվել, ասում է վարչապետը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, և առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք և ալիք կբերեն Հայաստան: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները:

Ընդհանրապես, ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, և հանրության շրջանում համաձայնության հաստատումն այս կամ այն բարեփոխման վերաբերյալ, այս կամ այն բարեփոխման ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ եթե մենք որևէ բարեփոխում իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, ուրեմն, այդ նույն փաստարկներով պետք է ներկայանանք նաև հանրությանը, ամենայն մանրամասնությամբ նրան ներկայացնենք մեր մոտիվացիաները, պատճառահետևանքային կապերը: Ես համոզված եմ, որ այս ճանապարհով մեր գործողությունները և բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ: Ի վերջո, չմոռանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք կառավարման բոլորովին նոր համակարգ, որը մենք պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, և դա այդպես կոչվում է պատմականորեն: Մենք պետք է կառավարման այս համակարգի տրամաբանությունից բխող գործողություններ անենք:

Կարծում եմ՝ մյուս շաբաթվանից արդեն կարող ենք սկսել հանրության հետ երկխոսությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Այդ երկխոսությունը կիրականացնենք տարբեր ծավալներով, տարբեր ֆորմատներով, և մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, հանրային ըմբռնում և հանրային ընկալում ձևավորելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն հարկային ոլորտի բարեփոխումներին:

Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, այդ բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, չմտածված, թելադրված: Դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, մեր առաջադրած խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ բոլորս պետք է այս առումով ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը, և բոլորիս այս աշխատանքն իրականացնելիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն, և, իհարկե, հաջողություն»: