Անցումային արդարադատություն․ հայաստանյան կոնտեքստ և միջազգային փորձ

Օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Հայաստանում ծավալվեց անցումային արդարադատության վերաբերյալ բանավեճ։ «Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։

Անցումային արդարադատությունը ինստիտուտը դատական և արտադատական, տվյալ պետության գործող օրենսդրությամբ կամ նոր օրենքների միջոցով կիրառվող մեխանիզմների համալիր է։ Անցումային արդարադատություն կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները և ոչ միայն։

Պարզ ասած՝ այս ինստիտուտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրությունում և որոնք գալիս են լրացնելու այն բացը, որը գոյություն ունեցող իրավապահ և դատական մարմինները չեն կարողանում լրացնել։

Անցումային արդարադատության թերևս առաջնային նպատակը զոհերի իրավունքների պաշտպանությունն է։ Այս ինստիտուտի հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:

Անցումային արդարդատության միջազգային կենտրոնը առաջարկում է չորս հիմնական ուղղություն․

  • Քրեական հետապնդում առնվազն նրանց հանդեպ, ովքեր կրում են ամենամեծ պատասխանատվությունը առավել ծանր հանցագործությունների համար;
  • Մարդու իրավունքների խախտումներով «ճշմարտություն հաստատող» (կամ փաստահավաք) գործընթացներ՝ ոչ դատական մարմինների կողմից: Դրանք կարող են լինել բազմազան, բայց հաճախ ուսումնասիրում են ոչ միայն բուն իրադարձությունները, այլև դրանց պատճառներն և հետևանքները;
  • Մարդու իրավունքների խախտումների հատուցման տարբեր ձևեր` անհատական, հավաքական, նյութական և խորհրդանշական;
  • Օրենքների և հաստատությունների բարեփոխումներ, այդ թվում՝ ոստիկանության, դատական համակարգի, ռազմական և ռազմական հետախուզության ոլորտներում։

Անցումային արդարադատությունն ու Հայաստանը

Անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում նոր երևույթ չէ։ Արդարադատության նախկին նախարար, ներկայում բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատության մարմին ստեղծվել է 1990-ականների սկզբին: Գլխավոր դատախազությունում հիմնվել է «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում անձանց արդարացնելու համար։


Անցումային արդարադատության մարմիններից մեկի կիրառման գաղափարը ամրագրված է «ԵԼՔ» դաշինքի 2017-ի նախընտրական ծրագրում․ «Կստեղծվի «Ճշմարտության հանձնաժողով», որը կքննի Երրորդ հանրապետության քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր աղմկոտ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, ՊՊԾ գնդի գրավում, քաղաքական սպանություններ), այդ գործերով կայացված դատավճիռները և քրեադատավարական այլ որոշումները և խորհրդարանին կներկայացնի առաջարկներ, որոնց կայացման նպատակը կլինի հանրային համերաշխության հաստատումը»:

Անդրադառնալով այս գաղափարին՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է․ «Այս հանձնաժողովների միջոցով ի հայտ կբերվեն մեղավորներն ու պատասխանատուներն ու կհանձնվեն արդարադատությանը, իսկ արդարադատությունը Հայաստանում իրականացնում են միայն ու միայն դատարանները»։

Ի դեպ, իր ելույթում Փաշինյանը շեշտում է՝ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու․ «Մենք իսկապես պետք է լրջորեն մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու մասին: Բայց ուզում եմ ասել, որ հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ»։

Նրան ավելի ուշ երկրորդում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։


Անցումային արդարադատության մեխանիզմներից է նախկին իշխանության օրոք քաղաքական դեպքերի հետևանքով զոհված անձանց ընտանիքների փոխհատուցումն ու այդ զոհերի հիշատակի պահպանումը։

Այս ուղղությամբ Ազգային ժողովում արդեն սկսվել են գործընթացներ։ Մասնավորապես ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, որոնցից առաջինը 2008-ի մարտի 1-ի և 2-ի արյունալի բախումների ժամանակ մահացած զոհերի ընտանիքների հատուցմանն է վերաբերում․ «Նախորդ ռեժիմի ժամանակ տուժել են։ Պետությունը, լինելով քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորը լինելով, միաժամանակ չի կարողացել ապահովել այդ իրավունքն ու պարտավոր է հատուցել հարազատներին»,- ՍիվիլՆեթին ասել է Լենա Նազարյանը։ Երկրորդով նախատեսվում է փոխատուցում տալ 2016թ․ հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին։

Այս մեխանիզմները նախատեսում են նաև զոհերի անուններով փողոցների անվանակոչում և նրանց հիշատակին արձանների տեղադրում։

Հարվարդի համալսարանում անցումային արդարադատության ոլորտում մասնագտացած իրավաբան Արտյոմ Գեղամյանն ասում է՝ անցումային արդարադատության մեխանիզմները պետք է լինեն զոհակենտրոն։

«Այս մեխանիզմների կիրառման ու դրանց նպատակների հիմքում պետք է դրվեն զոհերը, նրանց խախտված իրավունքների վերականգնումն ու նրանց բավարարում կամ հատուցում տրամադրումը»,- ասում է Գեղամյանը։

Փաստաբան Վահե Գրիգորյանն առաջարկում է անցումային արդարադատության մեխանիզմներ կիրառել հետևյալ երեք ուղղություններով․

ա/ 2008թ.-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած դեպքերի մարնրամասն քննություն, սպանությունների մեջ մեղավոր անձանց բացահայտում, մահաբեր ուժի գործադրման եւ դրա ամբողջ հրամանատարական շղթայի իրավական գնահատականի արժանացում (պետության անունից ներողություն տուժածներին, փաստավավերագրական նյութերի միջոցով “Այլեւս՝ երբեք” շարքի նախաձեռնում, Մարտի 1-ը Հայաստանի քաղաքացու տոնի հռչակում, եւն).

բ/ Զինված ուժերում բռնի մահվան դեպքերի մասին բոլոր այն գործերի վերաբացում, որոնցով տուժողներն ի վիճակի չեն եղել արդարադատության հասնել իրավապահների կամայականությունների կամ էլ դատավարական սահմանափակումների պատճառով,

գ/ Երեւանի կենտրոնի սեփականազրկված քաղաքացիների այն գործերի խումբը, որոնք դեռ լուծում չեն ստացել կամ որոնց լուծոմն անհնար է եղել դատավարական տեխնիկական սահմանափակումների պատճառով:


Միջազգային փորձ

Անցումային արդարադատության միջազգային փորձում կան այս ինստիտուտի կիրառման ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ։

Անցումային արդարադատության կիրառությունը, ըստ Անցումային արդարդատության միջազգային կենտրոնի, հիմնականում առաջացել է այն երկրներում, որոնք ներքին ռազմական և արտաքին հակամարտություններից անցում են կատարել խաղաղ գործընթացների։ Նման դեպքերում անցումային արդարադատությունը նաև ծառայել է խաղաղության հաստատմանը։ Երբեմն երկրներն այս ինտիտուտը կիրառել են զոհերի հարազատների կամ նրանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների առաջարկի հիման վրա։ Այդ երկրներն են Կոլումբիան, Գվատեմալան, Սալվադորը, Սիերա Լեոնեն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Հարավային Սուդանը, Ֆիլիպինները, Նեպալը և այլ երկրներ:

Նոր կառավարությունները, որոնք փոխարինում են ռեպրեսիվ ռեժիմին, կարող են կիրառել քաղաքական արդարադատության տարաբնույթ մեթոդներ՝ զանգվածային նոր հանցագործություններ կանխելու համար։ Նման ճանապարհով գնացել է Արգենտինան՝ 1980-ականներին, Չիլին և Հարավային Աֆրիկան՝ 1990-ականներին, ինչպես նաև Պերուն և Թունիսը վերջին ժամանակշրջանում։

Կան նաև այլ օրինակներ․ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է դիտարկել Լեհաստանի օրինակը։ «Պետք է գնալ այն ճանապարհով, որն անցել է Հայաստանի նման երկիրը։ Օրինակ՝ Լեհաստանը, երբ այն անկախացավ, նրանք շատ կենտրոնացան հակակոմունիստական պրոցեսների վրա, սակայն օրինակներ կան»։

Լեհաստանի, Իսպանիայի և Հունգարիայի օրինակները ավելի հայտնի են որպես «փափուկ անցումի» օրինակներ։ Ի տարբերություն Արևելյան Գերմանիայի և Չեխոսլովակիայի, որտեղ առաջնորդվում էին բացահայտելու և պատժելու քաղաքականությամբ, Լեհաստանի և այդ խմբի մի շարք պետությունների մոդելը հայտնի է որպես «փոխհատուցում և ներում»։

Լեհաստանում կիրառվել է լյուստրացիա կամ մաքրագործում, որը ենթադրում էր նախկին իրավապահ համակարգերի լուծարում և նորերի հիմնում։

Ամփոփում

Ըստ էության՝ անցումային արդարադատության մեխանիզմներ Հայաստանում սկսել են կիրառվել, խոսքը, մասնավորապես, պատգամավորների նախագծերի մասին է, որոնք ուղղված են զոհերի ընտանիքներին փոխհատուցման տրամադրմանը։ Անցումային արդարադատության մյուս մեխանիզմների կիրառման համար կառավարությունը պետք է հիմնավորի դրանց անհրաժեշտությունն ու ապացուցի նպատակներին հասնելու անհնարինությունը գործող մարմինների առկայության պարագայում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել