Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Վերաքննիչի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր վճռաբեկ բողոք են ներկայացնելու։ ՀՀ պաշտոնաթող նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ բողոքն արդեն պատրաստ է և շուտով կուղարկվի դատարան․ «Մենք այն հարցերն ենք առաջադրել Վճռաբեկ դատարանի լուծման, որոնց Վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքի շրջանակներում չէր անդրադարձել»։

Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 13-ին վերացրեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը։ Պաշտպանները ևս երկու հարց էին Վերաքննիչին առաջադրել լուծելու համար, սակայն դատարանն այդ հարցերին չի անդրադարձել։ Բողոքներից մեկով պաշտպանները խնդրում են Վճռաբեկ դատարանին անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, որով 2008-ի մարտի 1-ին հայտարարվել է արտակարգ դրություն, Հատուկ քննչական ծառայությունը այն անօրինական է համարում։

Գլխավոր դատախազությունը օգոստոսի 17-ին հայտարարեց, որ նույնպես վճռաբեկ բողոք է ներկայացնելու։ Պաշտպանական կողմը չի կիսում դատախազության դիքորոշումն ու գտնում է, որ Քոչարյանի դեմ մեղադրանքն ապօրինի է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա հուլիսի 27-ին կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց այդ որոշումը:

Հատուկ քննչական ծառայությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը որակեց «ապօրինի»։ ՀՔԾ պետի համոզմամբ՝ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը կարող է ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա։

Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ եթե վերաքննիչ դատարանի որոշումը մնա անփոփոխ, ապա երկրորդ նախագահի դեմ մեղադրանքը պետք է վերացվի։

Գևորգ Թոսունյան