Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը` գիտելիքի օրվա առթիվ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը ազատ և քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում և շարունակվում հետագայում՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կրթությունը իրավագիտակից, պահանջատեր ու մրցունակ քացաքացի ձևավորելու կարևոր գործընթաց է, որի ապահովման երաշխավորը պետությունն է, ուսուցիչն ու դասախոսը: Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը, ներառական զարգացման շարժիչ ուժը:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց առջև բացվում է դպրոցի, գիտելիքի հետաքրքիր աշխարհ:

Սիրելի՛ մանկավարժներ, Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն նաև կրթության համակարգում, որը մեծապես պայմանավորված է ձեր ստեղծագործ և նվիրական աշխատանքով: Բոլոր այն մանկավարժները, տնօրենները, ովքեր աջակցում են դպրոցի վերափոխման գործընթացին, իմ գործընկերներն են, ու կանեմ առավելագույնը՝ նրանց աջակցելու համար: Խորապես ծանոթ եմ այն դժվարություններին, որոնց բախվել եք նախկինում, այն խնդիրներին, որոնք առկա են հիմա: Համատեղ աշխատանքով, վստահ եմ, լուծումներ տալու ենք բոլոր առկա հարցերին՝ մեր բոլորի առջև դնելով ավելի մեծ նպատակներ:

Սիրելի ծնողներ, մեր հիմնական նպատակն է՝ երկիրը դարձնել արդար, ստեղծել հավասար հնարավորություններ ձեր երեխաների համար: Իսկ արդար երկիր ունենալու համար, առաջին հերթին, արդար պետք է լինի դպրոցը՝ ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը բոլորի համար: Ձեր աջակցությունն այս հարցում կարևոր է, երբեմն էլ՝ վճռական:

Վստահ եղե՛ք ձեր ուժերին, և ապագան ձերը կլինի:

Լավագույն ցանկություններով՝

ՀՀ կրթության և գիտության նախարար

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեկնաբանել