«Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորհրդաժողով՝ Քյոլնում

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին: Խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից և Հայաստանից։ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցել խորհրդաժողովին, իր հղած ողջույնի խոսքում բարձր է գնահատել նման նախաձեռնությունը։

Համաժողովում քննարկվել են ոչ միայն Հայաստանի նկատմամբ սփյուռքում որդեգրված նոր մոտեցումներն ու ծրագրերը, դրանց հնարավորությունները, այլև Եվրոպայի հայության դերը՝ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և թավշյա հեղափոխության համատեքստում։ Առաջիկայում համաժողովի կողմից հրապարակվելու է հայտարարություն։

Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը համագումարի նախօրեին orer.eu կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գլխավորն այն է, որ «այն պոտենցիալը, որ ունենք Հայաստանում և սփյուռքում, կարողանանք ճիշտ կյանքի կոչել և իրականություն դարձնենք մարդկանց ցանկությունները»։

Եվրոպայի հայերի համագումարը ստեղծվել է 2003թ․ սեպտեմբերի 27-28-ին Բրյուսելում կայացած հիմնադիր ժողովում։ Համագումարի հիմնական անդամները եվրոպական 16 երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ և հայկական կազմակերպություններ են։

Մեկնաբանել