Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ, որ թյուրըմբռնում կա գուցե, Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ իր ձևակերպումներն այդքան էլ ճշգրիտ չեն եղել. այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդոք Մարությանի հայտարարությունը նման չէր երրորդ նախագահի հայտարարությանը «ինչքան ուզենք, այդքան կփպենք», և որքանով է ճիշտ բաժանել հասարակությունը «սևերի» ու «սպիտակների»:

«Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն և ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևն ու սպիտակը»,- ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2-ի ելույթի ժամանակ հայտարարել էր․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»: Մարությանի խոսքով՝ իրենց թիմի «դեմ խաղ չկա»։

Կարդացեք նաև՝ «Չկորչեն Ֆեյսբուքում»․ բանավեճ՝ Հայկ Մարությանի «սևերի» ու «սպիտակների» շուրջ

Մեկնաբանել