Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում․ այս մասին այսօր արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանը։

Վերջինիս խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»:

ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:

Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունն էլ շատ էր: Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու: Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում: Փորձելու ենք հնարավորինս սահմանափակել, որովհետև ես կարծում եմ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- նշեց Վանեցյանը:

Կարդացե՛ք՝ 

Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում

Զրոյից ստեղծել ազգային ֆուտբոլի զարգացման ռազմավարություն․ զրույց Նիկոլայ Պետրոսյանի հետ