Ծառուկյանը մեկնաբանել է Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության հարցն «անբարոյական» է համարում։ 

«Ես այսօր համագործակցում եմ իշխանությունների հետ։ Կառավարության մաս ենք կազմում։ Այսօր հարաբերությունները շատ լավ են, ջերմ են թիմերի հետ»,– ասաց Ծառուկյանը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանից նման առաջարկ չի ստացել։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, Ծառուկյանը պատասխանեց. «Թող մասնակցի, տեսնենք, ցավդ տանեմ: Ես այսօր իմ գործընկերների հետ եմ, մենք աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնենք: Ես կընտրեմ ինձ»:

ՀՀ երկրորդ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին և կարծում է, որ ներկայիս պայմաններում «կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից, բևեռներից մեկը»։