ԱՄՆ դիրքորոշումը նույնն է՝ մանրակրկիտ քննել Մարտի 1-ի դեպքերը․ Ռիչարդ Միլս

Ռուսաստանի հայտարարություններին պետք է արձագանքի Հայաստանի կառավարությունը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին օրերին Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները՝ Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված, ճնշում է և միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում», – ասաց դեսպանը:

Օրերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Հայաստանի ներքին զարգացումներին․ «Իհարկե, մեզ անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության դեպքեր, դուք գիտեք այդ փաստերի, տեղի ունեցող ձերբակալությունների մասին։ […]  Մենք դա, անկասկած, համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ Եվ շատ ենք ցանկանում, որ բոլոր այդ ներքին գործերը մնան օրենքի, Սահմանադրության ամուր հողի վրա և հնարավորին արագ հաղթահարվեն»:

Մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»։