Քեմալ Օքսյուզին հայկական կողմը մեղադրում է խոշոր չափերով հարկեր չվճարելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն չի տրամադրում ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Քեմալ (Քևին) Օքսյուզի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան դատախազությունից տեղեկացնում են, որ այդ տեղեկատվության տնօրինողը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Դատախազության պատասխանից նաև տեղեկանում ենք, որ Օքսյուզի խափանման միջոց է կիրառվել 30-օրյա կալանավորումը օգոստոսի 31-ին։

Հաղորդվում է, որ Օքսյուզի տնօրինության տակ գտնվող ընկերությունը կատարել է հանցագործություն Հայաստանում, ինչի համար էլ քրեական գործ է հարուցվել․ ««Դ Սենա գրուպ» ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեմալ (Քևին) Օքսյուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ևս հնարավոր է ՀՀ իրավասու մարմնի կողմից կատարել համապատասխան քննչական գործողություններ»,- ասված է դատախազության պարզաբանման մեջ:

Դատախազությունում է գտնվում Ք. Օքսյուզի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ըստ որի՝ նա հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի:

Նախորդ ամիս ոստիկանությունը հաղորդեց, որ օգոստոսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսյուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել