Պուտինը Փաշինյանին սա է հիշեցնում. Հայկական մարզից՝ Հայաստան (1828-2018)

Հայաստանի ապրիլյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր
Պուտինը, հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, ի թիվս երկկողմ և բազմակողմ դիվանագիտական
հարցերի, նախընտրում են անդրադառնալ նաև պատմությանը, մասնավորապես՝ ինչպես է ձևավորվել այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը: Կրեմլի պաշտոնյաները պատահական չեն անդրադառնում պատմական դեպքերին: Նրանք դրանով փորձում են հիշեցնել, որ եթե չլիներ ցարական Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումը/ազատագրումը շուրջ 200 տարի առաջ, ապա հավանական է, որ այսօր Հայաստանի անկախ Հանրապետություն չէր լինի:

1045 թվականի Բագրատունիների թագավորության անկումից հետո Հայկական լեռնաշխարհի Արևելյան Հայաստանի
հատվածում հստակ սահմաններով ձևավորված առաջին հայկական վարչական միավորը Հայկական մարզն էր
(Армянская область), որը անկախ չէր և մտնում էր Ռոմանովների Ռուսաստանի կայսրության մեջ: Հայերի՝
արևելահայերի նպատակն էր ստեղծել ինքնավար պետություն ռուսական գերիշխանության ներքո: Այդ ցանկությունը
Նիկոլայ Առաջին ցարը մասամբ իրականացրեց: Երբ ռուսները պարսիկներից գրավեցին Անդրկովկասը, տարածաշրջանը ենթարկվեց վարչական բաժանումների՝ Վրացական մարզ, Կասպյան մարզ, Հայկական մարզ: Վրացական մարզը մոտավորապես համապատասխանում է ներկա Վրաստանի տարածքին: Վրացական մարզի մեջ ներառվել էին նաև այսօրվա Հայաստանի մաս կազմող Լոռիի և Տավուշի շրջանները, ներկա Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեկի, Գյանջայի շրջանները:

Այսօրվա Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածը, ինչպես նաև Արցախը Ռուսաստանին միացվել է ավելի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: Հայկական մարզը` ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, կազմված էր նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից, որոնք Ռուսաստանին անցան 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով: Նախքան Ռուսաստանին միանալը, այս երկու խանություններում բնակչության թիվը կազմում էր շուրջ 120 հազար մարդ՝ հայեր և մահմեդականներ (պարսիկներ, քրդեր, թուրքեր): Գոյություն ունեին միայն երեք քաղաքներ՝ Երևան, որն ուներ գրեթե 10 հազար բնակչություն, Նախիջևան՝ ավելի քան 4.000 և Օրդուբադ՝ շուրջ 3.000:

Հայկական մարզի բնակչությունը արդեն 1830-ին անցավ 160 հազարից՝ շնորհիվ Պարսկաստանից և Թուրքիայից
հայերի ներգաղթի և բնական աճի: 1840-ին ցարը վարչական նոր բաժանում կատարեց: Հայկական մարզը վերացվեց և մտցվեց նորաստեղծ Վրաց-իմերեթական նահանգի մեջ: Կասպյան մարզին միացվեց Դաղստանի մի մասը և ստեղծվեց Կասպյան նահանգը: 1845-ին կատարվեց նոր բաժանում: Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և կազմվեց Քութայիսի նահանգը, իսկ Կասպյան մարզի բաժանվեց Շամախիի և Դերբենտի նահանգների: 1849-ին Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և ստեղծվեց Երևանի նահանգը, որը համապատասխանում էր Հայկական մարզի տարածքին:
1860-ական թթ. Երևանի նահանգի բնակչության թիվը անցավ 260 հազարից, որի շուրջ կեսը հայեր էին:
Ռուսաստանը 1868-ին Անդրկովկասը հերթական անգամ ենթարկեց վարչական բաժանման: Շամախիի նահանգը կիսվեց Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների: Այսպիսով՝ Անդրկովկասում գոյություն ունեին վեց նահանգներ՝ Քութայիսի, Թիֆլիսի, Դաղստանի, Բաքվի, Ելիզավետպոլի և Երևանի: 1870-ական թթ. սկզբներին Երևանի նահանգում

բնակչության թիվը արդեն անցնում էր կես միլիոնից, որից 55 տոկոսը կազմում էին հայերը: Հայերը հսկայական թիվ
էին կազմում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգներում: Ռուս-թուրքական 1877-78 թթ. պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Կարսն ու Բաթումը, Անդրկովկասը բաժանվեց նոր վարչական բաժանման և այդ բաժանումը պահպանվեց մինչև 1917-18 թթ., երբ կործանվեց Ռոմանովների 300-ամյա կայսրությունը, իսկ Անդրկովկասը անկախացավ:

1878-1918 թթ. Անդրկովկասում գոյություն ունեին հետևյալ վարչական միավորները՝ նահանգները՝ Քութայիսի,
Բաթումի, Կարսի, Երևանի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի, Բաքվի, Դաղստանի և մեկ շրջան՝ Զաքաթալայի:
1918-ի մայիսին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
1920-1921 թվականներին այն խորհրդայնացվեց ռուս բոլշևիկների ու թուրք քեմալականների հարվածների ու
սպառնալիքների տակ, իսկ 1922-ին կցվեց Խորհրդային Միությանը նախ որպես Անդրկովկասյան Դաշնության մաս,
ապա և որպես համամիութենական հանրապետություն 1936-ից:

Այսօր՝ 2018-ին, Հայաստանի Հանրապետությունը տարածվում է գրեթե 30 հազար քառակուսի կիլոմետրի, իսկ
միջազգայնորեն չճանաչված, իրականում և փաստացի Հայաստանի մաս կազմող Արցախը՝ շուրջ 12 հազար քառակուսի
կիլոմետրի վրա:

Ոչ Հայաստանի Առաջին (1918-1921) և ոչ էլ Երրորդ Հանրապետությունը (1991-ից՝ այսօր) նվեր չէ որևէ երկրի,
նախ և առաջ ու առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից: Այն կերտվել է հայ ժողովրդի հավաքական կամքի ու
զրկանքների գնով:

Քարտեզում՝ Երևանի և Նախիջևանի խանությունները 1827-ին, որոնց տարածքի վրա մոտավորապես ձևավորվեց
Հայկական մարզը