Նոր Հայաստանը և Ռուսաստանը. մի քանի միտք հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Վասալային» հարաբերություններից դեպի գործընկերությո՞ւն

Օրերս տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումը, և հայ հասարակությունը, կարծես թե, վերջապես հանգիստ շունչ քաշեց: Այն լարված մթնոլորտը, որը, կարծես թե, կար հայ-ռուսական հարաբերությունների շուրջ վերջին շրջանում, ցրվեց: Ճիշտ է, առայժմ հայ-ռուսական հարաբերությունների փայլուն լինելու մասին հայտարարությունները հիմնականում հայկական կողմից են արվում, բայց համենայն դեպս մենք չենք տեսնում այդ հայտարարություններին հակադրվող հայտարարություններ ռուսական կողմից: Այնպես որ, կարող ենք ենթադրել, որ առնվազն այս փուլում գոյություն ունեցող առավել սուր հարցերը հարթվել են, իսկ մնացածի մասին սպասվող լուրջ խոսակցությունը հետաձգվել է:

Սակայն այսպես թե այնպես, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը դեռևս երկար ժամանակ մնալու է Հայաստանի համար մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը: Բանն այն է, որ նախկին իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերություններում ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որը դժվար է բնութագրել ժամանակակից աշխարհի եզրույթներով, և որն ավելի լավ բնութագրվում է միջնադարին բնորոշ «վասալական հարաբերություններով» արտահայտությամբ: Եվ խնդիրն այն չէր, որ նախկին իշխանությունը հատկապես ռուսամետ էր կամ, ինչպես, ենթադրում են, որոշ դավադրաբաններ, կազմված էր ռուսաստանյան գործակալներից:

Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր մոդելը դեռևս պետք է ձևավորվի: Եվ այստեղ մենք դեռ շատ աշխատանք ունենք

Պարզապես, հանրության աջակցությունից և վստահությունից զուրկ, ընտրական մանիպուլյացիաների շնորհիվ վերարտադրվող իշխանությունը ստիպված էր հենարան փնտրել երկրից դուրս, և դրա համար վճարում էր Հայաստանի շահերով և ինքնիշխանությամբ: Ի դեպ, նման իրավիճակ գոյություն չուներ Ռուսաստանի և նրա այլ դաշնակիցների միջև հարաբերություններում, առնվազն ԵՏՄ շրջանակներում՝ ոչ համեմատաբար ժողովրդավարական Ղրղզստանում, ոչ էլ ավտորիտար Բելառուսում և Ղազախստանում, որոնց առաջնորդները, չնայած իրենց ավտորիտար գործելակերպին, այնուամենայնիվ ունեն վստահության և աջակցության որոշակի պաշար երկրի ներսում:

Այժմ ստեղծվել է նոր իրավիճակ, և Հայաստանում սկսել է ձևավորվել մի իշխանություն, որի միակ հենարանը երկրի ներսում է և որը կարիք չունի աջակցության դրսում: Արդեն իսկ զուտ այդ հանգամանքի շնորհիվ այսօր Հայաստանը դուրս է եկել այդ վասալային կախվածության վիճակից: Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր մոդելը դեռևս պետք է ձևավորվի: Եվ այստեղ մենք դեռ շատ աշխատանք ունենք: Եվ այստեղ կան մի քանի գործոններ, որոնք մեզ խանգարում են:

Ո՞վ է մեղավոր

1. Ամենաակնհայտը՝ ադրբեջանական գործոնը: Ադրբեջանն այսպես ասած՝ «խաղեր է տալիս», իբր ուզում է մտնել Ռուսաստանի կողմից առաջարկվող տարածաշրջանային նախագծերի մեջ: Նախկինում խոսվում էր ԵՏՄ մասին, հիմա՝ ՀԱՊԿ մասին, բայց դրանից այդ խաղի էությունը չի փոխվում: Իհարկե, դա միանգամայն անիրատեսական է, և Մոսկվան դա շատ լավ հասկանում է, սակայն մարտավարական նկատառումներով Կրեմլը ողջունում է նման խոսակցությունները: Բացի այդ, Ռուսաստանում գործում է ադրբեջանական հզոր լոբբիստական ցանց: Եթե նախկինում հայկական լոբբիզմը Ռուսաստանում դեռևս բավականին ազդեցիկ էր, հեղափոխությանը նախորդող տարիներին ստեղծվել է մի իրավիճակ, երբ ադրբեջանական լոբբիզմը շատ ավելի արդունավետ է գործում, քան հայկականը: Եվ սա միայն իմ գնահատականը չէ, այլ մի բան, որ ես բազմիցս լսել եմ ռուսաստանցի փորձագետներից:

2. Հայաստանցի «նախկինների» և նրանց ռուսահայ դաշնակիցների գործունեությունը: Այն հաղորդակցության խողովակները, որոնք ձևավորվել էին նախկին իշխանության օրոք, այսօր կա՛մ ընդհանրապես չեն աշխատում, կա՛մ փաստացիորեն աշխատում են Հայաստանի դեմ:

3. Պայմանական ասած «ուժայինների» գործոնը ռուսական իշխանության մեջ: Խոսքը ոչ թե կոնկրետ ուժային կառույցների մասին է, այլ որոշակի մտայնության տեր մարդկանց, ովքեր ցանկացած հեղափոխական գործընթացի հետևում տեսնում են արևմտյան դավադրություններ, Սորոս և նման այլ «հակառուսական» երևույթներ: Առայժմ կարծես թե Հայաստանի վերաբերյալ որոշումներ ընդունելիս այդ մենթալիտետը դեռևս տիրապետող չէ, բայց թե՛ Հայաստանի նախկին իշխանավորները, թե՛ Ադրբեջանը շատ լավ հասկանում են այդ մտայնությունը, օգտագործում են այն իրենց քարոզչության մեջ:

Ի՞նչ անել

Ի՞նչ անել այդ բացասական գործոնների ազդեցությունը չեզոքացնելու համար: Բնականաբար, այս հոդվածում հնարավոր չէ առաջարկել համապարփակ ռազմավորություն, բայց փորձեմ նշել մի քանի ուղղություններ:

1. Անհրաժեշտ է ձևավորել հաղորդակցության խողովակներ ռուսական իշխանության բարձր օղակներում գտնվող կոնկրետ ազդեցիկ մարդկանց հետ: Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Անտոն Վայնոն, Սեգրեյ Կիրիենկոն, Վլադիսլավ Սուրկովը և ուրիշներ, համեմատաբար քիչ են երևում հանրային ոլորտում, բայց հսկայական ազդեցություն ունեն որոշումների ընդունման վրա:

2. Պետք է նաև աշխատել ռուսական փորձագիտական համայնքի և ԶԼՄ-ների հետ: Որքան էլ Ռուսաստանը դժվար է անվանել ժողովրդավարական երկիր, իշխանություններն այստեղ ինչ-որ չափով հաշվի են առնում թե՛ փորձագետների կարծիքը, թե՛ հանրային կարծիքը, այսօր՝ պայմանականորեն «հայամետ» դիրքորոշում կամ «ազատական» համարվող շրջանակներում: Իհարկե, մի կողմից սա բացասական է, քանի որ ընդդիմության ոգևորությունը ստիպում է Կրեմլին առավել զգուշորեն վերաբերվել Հայաստանին, բայց դրա մեջ կա նաև դրականը, քանի որ, ինչքան էլ «ազատականները» ընդդիմադիր համարվեն, նրանք ունեն որոշակի ազդեցություն թե՛ հանրության, թե՛ անգամ իշխանության վրա:

Այսպես, օրինակ, Փաշինյանի հետ հարցազրույց անցկացրած «Էխո Մոսկվի» ռադիոկայանի տնօրեն Ալեքսեյ Վենեդիկտովը բավական ազդեցիկ կերպար է ռուսական վերնախավում, չնայած իր ռադիոկայանի ընդդիմադիր համբավին: Սակայն ամեն դեպքում պետք է աշխատել նաև այսպես կոչված «պետականամետ» հատվածի հետ, որն այսօր Հայաստանի հանդեպ զգուշավոր է տրամարդված:

Վերջապես, ռուսաստանյան փորձագիտական հանրության և մամուլի հետ պետք է աշխատել նաև այն նպատակով, որպեսզի հավասարակշռվի «նախկինների» և Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը:

3. Պետք է աշխատել ռուսահայ համայնքի հետ: Հասկանալի է, որ այսօր դա շատ ավելի հեշտ է ասել, քան անել, հատկապես հաշվի առնելով, որ համայնքի ազդեցիկ շատ ներկայացուցիչներ կա՛մ բացահայտորեն դեմ են հեղափոխությանը, կա՛մ էլ զգուշավոր դիրք են բռնել: Այդ մարդկանցից ոմանք գուցե «անհույս են», բայց մնացածների հետ պետք է աշխատել, բացատրել նրանց, որ Հին Հայաստանն այևս չկա, իսկ Նոր Հայաստանում նրանց համար բացվում է գործունեության լայն դաշտ, եթե, իհարկե, նրանք պատրաստ են խաղալ խաղի նոր կանոններով:

Միաժամանակ անհրաժեշտ է ծավալել աշխատանք ռուսահայության այլընտրանքային կառույցներ ձևավորելու, ինչպես նաև ռուսահայության նոր սերունդը համայնքային կյանքի մեջ ներգրավելու ուղղությամբ: Ռուսաստանի հայության մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտում հաջողության են հասել, բայց միաժամանակ ազատ են համայնքի «վերնախավին» բնորոշ կարծրատիպերից և հնացած մտածելակերպից: Այդ մարդիկ հաճախ հենց իրենց առաջադեմ գաղափարների պատճառով տեղ չեն գտնում համայնքային կառույցներում կամ փորձում են դրանցից հեռու մնալ, բայց այսօր գուցե հենց այդ մարդիկ, իրենց բնորոշ նոր մոտեցումներով, կարող են օգտակար լինել թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանի հայ համայնքին:

Լուսանկարում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2018

Մեկնաբանել