Հակառակորդը կրակել է Վազաշենի, Բաղանիսի ուղղությամբ, տուժածներ չկան

Երեկ սոցիալական ցանցերում տարածվեց տեսանյութ, որում Տավուշի մարզի Վազաշեն համայնքի երեխաների պարը ընդհատվում է հակառակորդի կրակոցներով։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի հետ, վերջինս հաստատեց սեպտեմբերի 11-ի կրակոցների փաստը՝ տեղեկացնելով, որ որևէ մեկը չի տուժել, գյուքային վնասներ չունեն․ «Ժամը 5-ի կողմերն է եղել, տուժածներ չունենք, դե սահմանապահ գյուղ ենք, նման բաներ լինում են։ Երեխաներն են վախեցել, ուրախանալիս են եղել, պարում էին ու կրակոցներ են եղել»։

Բադիրյանի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը հիմնականում կրակում են դպրոցի և համայնքային կենտրոնի ուղղությամբ, քանի որ դիրքերին այդ օբյեկտները մոտ են։

«Մենք ընտելացել ենք դրան, ավտոմատի կրակոցները չենք էլ նկատում, այ երբ մի քիչ խոշորանում է, արդեն անհանգստանում ենք»,- ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ երեկվանը «խոշոր էր», սակայն ակտիվություն նկատվում է միայն վերջին մի քանի օրերին։

«Թավշյա հեղափոխությունից հետո բավականին հանգիստ է»,- նկատեց Բադիրյանը։

Դեպքին այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ասելով, որ քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է Ադրբեջանի այս «ապակառուցողական կեցվածքը, մենք չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում»:

«Տվյալ դեպքերում մեր գործողությունները լավ մշակված են: Մենք երեկ այդ պայմանական ասուլիսին խոսեցինք այդ մասին, թե սովորաբար ինչ է տեղի ունենում: Մեխանիզմը հստակ է. առաջին հերթին  տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, այնուհետև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից: Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետևանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի քանակի և կարողությունների ընդլայնման, ինչպես նաև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ: Դա ուղիղ հետևանքն է այս ամենի»,- ասել է խոսնակը։

Երեկ ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի ուղղությամբ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ Բաղանիս գյուղում «այս պահին իրավիճակը կայուն է»:

«Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է, անհանգստանալու  խնդիր չկա»,- ասաց նախարարը:

 

Գևորգ Թոսունյան