Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ. Բալայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ․ այսօրվա ճեպազրույցին հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Արդյոք հայկական կողմը վերջին բանակցությունների ընթացում պնդո՞ւմ է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հարցին ի պատասխան՝ Բալայանն ասաց․ «Դա ոչ միայն հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որ պետք է այդ պայմանավորվածություններն իրականացվեն, այլև մեր բոլոր հրապարակային հանդիպումներում, բոլոր ոչ հրապարակային՝ դռնփակ հանդիպումներում, որոնց մասին տրվում է մամուլի հաղորդագրություն: Օրինակ՝ եթե Դուք ընթերցեք նախարար Մնացականյանի և նախարար Մամեդյարովի հանդիպման մամուլի հաղորդագրությունը, այնտեղ հստակ այդ մասին ասված է: Եվ այս պայմանավորվածությունների կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է կամ ցանկությունը, այլ դրա վրա շեշտը դնում են մեր մյուս գործընկերները՝ ոչ միայն համանախագահ երկրները, այլև այնպիսի կարևոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը: Միջազգային հարաբերություններում ընդունված չէ որևէ հարցի շուրջ պայմանավորվել և դա չանել: Սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է, և ոչ միայն Հայաստանի հետ պայմանավորվածությունների մասով, ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերում: Սա արդեն բնավորության գիծ է այդ պետության քաղաքականությունում»։ Նա հավելեց, որ պայմանավորվածություններն ուժի մեջ են:

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել։ Հունիսի կեսին Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է երկու ղեկավարներին։