Կուսակցությունների հայտարարությունները՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Սեպտեմբերի 11-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո որոշ քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարություններով, որոնք ներկայացնում ենք ստորև։

«Ժառանգություն»․ գաղտնալսման և դրա ձայնագրության հեղինակները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն

««Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման և ձայնագրության հրապարակման կապակցությամբ։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք ևս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի և թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը:

«Ժառանգությունը» շարունակում է աջակցել գործող կառավարությանը, այդ թվում՝ կոռուպցիայի հաղթահարման, տնտեսության ազատականացման ու հակամենաշնորհայնացման, 2008թ. մարտի 1-ի և նախկին իշխանությունների կատարած պետական այլ չարաշահումների բացահայտման ու մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելու գործում:

Կատարվածը նաև հուշում է ԱԱԾ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող պետական հիմնական կառույցի, արմատական բարեփոխման, դրանում կադրային համալիր փոփոխությունների կարևորության մասին:

Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ մինչև վերջ հետևողական լինել նշված ապօրինի գաղտնալսումը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում։

«Ժառանգությունը» միաժամանակ կոչ է անում կառավարության համապատասխան կառույցներին՝ պահպանել առավելագույն զսպվածություն և հանդարտություն, ձեռնպահ մնալ այնպիսի կտրուկ գործողություններից, որոնք կարող են հակասել քաղաքացիական ազատության սկզբունքներին, վնասել ներհասարակական համերաշխությանն ու ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Կուսակցությունը վերստին հիշեցնում ու պնդում է, որ միակուսակցականությանն ուղղված քայլերն անհամատեղելի են Համաժողովրդական պայքարի ոգուն և նպատակներին»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը զորակցություն է հայտնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին

«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը եւ ազդել երկրում սկիզբ առած կարեւորագույն եւ աղմկահարույց բացահայտումների վրա:

Միեւնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը եւ իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետեւողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի եւ գանձագողության մեղավորների հայտնաբերման եւ պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական եւ կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է»:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը, մտահոգ լինելով վերջին օրերին ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման ու տարածման հանգամանքով ու համարելով դա անթույլատրելի, հայտարարում է իր դիրքորոշումն առ այն, որ նախկին «երկվորյակ» իշխանավորները
ոչնչով չեն փոխվել ու իրենց նենգաբարո գործելավոճով ամեն կերպ ցանկանալով սողոսկել արդարադատությունից ու այդ նպատակով դեռևս պետական կառավարման համակարգում ունենալով մակլավիկների բանակ՝ դրանց միջոցով իրականացրած դավադրությունների ու շանտաժի կազմակերպմամբ փորձում է խարխրել հեղափոխական
հասարակության հիմքերը: Այս հանգամանքով պայմանավորված «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին ու համարում է, որ օր առաջ պետք է պատասխանատվության կանչվեն նախորդ իշխանավորներն ու «իշխանիկները»»։

«Սասնա ծռեր» կուսակցությունը աջակցում է «վարչապետի արտակարգ գործողություններին»

«Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին:

Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը և այն վերածել էր իր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլև պատրաստվում է ռևանշի և արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ:

Զորակցում ենք ՀՀ Վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռևանշը խափանելու և նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում և կրկին հորդորում ենք ձերբազատվել ժողովրդի իշխանության և պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից և առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է:

Թե անցյալը և թե հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է Անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում:

Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը:

Ըստ այդմ, համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ Վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները.

հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին, հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ, ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը, գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին, ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան և ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու և պատիժներ սահմանելու համար, կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ Վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»:

Մեկնաբանել