Հայկ Մարության. «Գժերին» ընդդիմացողը

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Նուբարաշենում քարոզչական հանրահավաքի ժամանակ հայտարարել է. «Ես չեմ ուզում, որ Նուբարաշեն ասելով հիշենք աղբանոցը, գժանոցը, բոլոր «ոց»-երը»: Հայկը, թող թույլ տրվի ասել, համը հանել է ուղղակի: Ինքը արդեն գիտի, մատնացույց է անում մի հիմնարկ, որը «սիրո եւ համերաշխության» միջավայրից դուրս է: Հայկը չի խոսում մի հիմնարկից, որի հանդեպ պետությունն ունի պարտավորություններ, նա խարանից է խոսում:

Իսկ ի՞նչ է «գժանոցը»: Այն հոգեբուժարանի այլընտրանքը չէ, այլ՝ մտածողություն: Էդ բառն ասողն արդեն իր «ձեռքի» տակ ունի մարդկանց մի խումբ, որոնք իր ողորմածության դաշտից դուրս են: Ինքը նրանց համար ոչինչ չունի անելու: Ինքը կանգնած է էդ մարդկանց գոյության իրավունքը վիճարկելու շեմին, որովհետեւ ասելով, որ «Նուբարաշենը միայն գժանոցը չէ», ցույց է տալիս, որ, համենայնդեպս, այդ հիմնարկը խելքը գլխին մարդկանց անունն արատավորող, բնակավայրի վրա ստվեր գցող հիմնարկ է: Էս տղան դեռ պետք է սովորի ի գիտություն ընդունել մարդկանց ողբերգությունները, որոնք կարող են հանգեցնել հոգեկան խնդիրների: Կարծեմ այդպիսի խնդիրներ ունեցողների դերեր է խաղացել, «կոկորդիլոս է քշել» լոգարանից:

Ի՞նչ է նշանակում՝ Նուբարաշենը միայն գժանոցը չէ: Գժանոցը դատավճիռ է, հոգեբուժարանը՝ ոչ: Մի կարգին բժիշկ կամ հոգեբան խորհրդատու չկա՞ Հայկի կողքը, որ նրան ինչ-որ հասկացությունների նշանակությունը բացատրի: Այդպես վաղը վատ տեսնողները կդառնան քոռեր, դժվար քայլողները՝ թոփալներ, խոսելու հետ խնդիրներ ունեցողները՝ լալեր, լսելու խնդիրներ ունեցողները՝ քյառեր: Ես հասկանում եմ, որ հեղափոխությունը նաեւ քաոս է, բայց էդ քաոսն իր մեջ է առնում մարդկանց, որոնք Հայկի նման պաշտպանված չեն: Նրանց գուցե ծեծում են այդ հիվանդանոցում, գուցե, ինչն ավելի հավանական է, մարդու տեղ էլ չեն դնում:

Մհեր Մկրտչյանի կինը Սեւանի հոգեբուժարանում մի անգամ ինձ ասաց՝ Մհեր, գիտե՞ս, ես հասկանում եմ, որ հոգեբուժարանում եմ եւ այստեղից պրծում չունեմ, բայց ես գիժ չեմ, որովհետեւ դեռ հայելու մեջ նայում եմ ինձ, հիշում եմ իմ հմայքը, խաղում եմ իմ դերերը: «Ես չեմ գժվել,-ասաց Դոնարան,-ես դեռ գիտեմ, որ այստեղից դուրս էլ մարդիկ կան»:

Հայկը չգիտի, որ հոգեբուժարանում մարդիկ են: Չգիտի, որ ինչ-որ մեկի սիրած աղջիկն է այնտեղ պառկած, որի հետ կապված հրաշալի պատմությունները դեռ փոթորկում են հիվանդանոցի պարսպից այս կողմ ապրող ինչ-որ 40-ամյա մեկի ներաշխարհը: Այնտեղ պառկած է մեկի հայրը, որի հոգեկան աշխարհը խախտվել էր սեփական խղճի ծանրությունից: Այդ մարդը մեկ տասնամյակ առաջ Նոր տարվա առաջին օրերից մեկում անընդհատ լացում էր, երբ իրեն նարինջ էին հյուրասիրում, հայրիկ էին ասում, փորձում էին հասկանալ իր պատմությունը: «Տղաս,-ասում էր նա,-մի արա նման բան, շատերը այստեղ պատմություն չունեն»: Հիվանդանոցում ինձ ասեցին, որ այդ մարդը հիվանդ է «երախտագիտության զգացումով»: Շնորհակալ է հենց միայն իրեն ուղղված որեւէ հայացքի համար: Սրված երախտագիտություն ուներ այդ մարդը: Ինքը բախումն էր աշխարհին երախտապարտ լինելու եւ դրան ոչնչով հակադրել չկարողանալու: Հենց դա էլ հիվանդացրել էր նրան: Այսպիսի մարդիկ կան «գժանոցում»:

Հայկը մտել է մարդկանց մեջ: Նա արդեն չի խաղում: Եվ ինչպես հիմա է պարզ դառնում, կյանքի ու խաղի բառերը տարբեր են: Թեպետ երկուսում էլ լավագույնը լինելու համար պետք է երեւաս լավագույն զգացումներով: Կյանքում մարդուն գիժ հռչակելը զվարճալի չէ: Որովհետեւ այդ պահից հարց է, թե ով է գիժը:

Մհեր Արշակյան

Մեկնաբանել