Ալեքսանդր Սարգսյանը կոչ է անում ազատել իր հաշիվներն ու գույքը կալանքից

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հայտարարում է իր ու իր ընտանիքի անդամների նկատմամբ պետական մարմինների կողմից անօրինականությունների մասին։

«168 ժամ» լրատվականը տարածել է եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությունը, որով վերջինս արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Ալեքսանդր Սարգսյանի բանկային մեկ հաշվում կա 30 մլն դոլար գումար, որը գտնվում է կալանքի տակ։ Ալեքսանդր Սարգսյանն իր հայտարարությամբ կոչ է արել Փաշինյանին ու մյուս իրավապահներին «վերադառնալ օրինականության դաշտ», անհապաղ վերադարձնել իրեն ու իր ընտանիքին պատկանող գույքը, կալանքից ազատել իրեն ու իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։

«Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»,- հայտարարել է Սարգսյանը՝ հավելելով, որ այդ գումարները օրենքով սահմանված կարգով ենթակա չեն վերադարձման պետական բյուջե։

Հայտարարելով, որ այդ գումարները անօրինական չեն, Սարգսյանը շեշտում է՝ այդ գումարները ոչ թե Հայաստանից դուրս է հանել, այլ որպես ավանդ պահել է ՀՀ բանկում։ Որոշակիորեն անդրադառնալով այդ գումարների ծագմանը՝ Ալեքսանդր Սարգսյանը նշել է. « Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների (խոսքը բանկային տեղեկությունների մասին է), ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը»: