Իսրայելի ՊՆ ղեկավարը Բաքվում քննարկել է իրավիճակը տարածաշրջանում և ռազմական համագործակցության խորացումը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ սեպտեմբերի 13-ին մեկնարկած այցը Ադրբեջան կավարտվի այսօր։

Ինչպես գրում են ադրբեջանական կայքերը, հնգօրյա այցի օրակարգը բավական խիտ է․ Լիբերմանը հանդիպումներ և երկարատև բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի, երկրի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ։ Նախատեսված են հանդիպումներ արտաքին գործերի նախարարի, վարչապետի և փոխվարչապետի հետ։ Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ Ավիգդոր Լիբերմանի բանակցություններն անցել են դռնփակ։

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Իսրայելի ՊՆ ղեկավարը տեղեկացրել է իր հանդիպումների մասին ու նշել, որ քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, երկու երկրների միջև համագործակցության խորացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Իսրայելը կարևոր նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ գործընկերությանն ու համագործակցությանը, և ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ որպես Իսրայել Պետության պաշտպանության նախարար»,- գրել է Լիբերմանը։

Ինչպես գրում է իսրայելական Jerusalem Post-ը, բանակցությունները ծավալվել են տարածաշրջանային հարցերի, անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ։ Իսրայելական պարբերականը հավելում է, որ Ադրբեջանը իսրայելական զենքի ամենամեծ շուկաներից մեկն է, որն իր հերթին Իսրայելին վաճառում է իր նավթի 40 տոկոսը։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ վերջին երկու տարում Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 385 մլն դոլարի սպառազինություն։

Լիբերմանի ադրբեջանական այցը հետևում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ 2016թ․ դեկտեմբերին Բաքու կատարած այցին, որի ընթացքում կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելի հետ կնքվել է 5 մլրդ դոլարի գործարք պաշտպանության ոլորտում։

Կարդացեք նաև՝

Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև

Լիբերմանի նշանակումն ու Բաքվի մեծ ակնկալիքները

Իսրայելը չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայոց ցեղասպանության պատճառով

Մեկնաբանել