Հեյդար Ալիև կրտսերը զորակոչվել է բանակ

Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, զորակոչվել է բանակ։ Նա ծառայելու է Բաքվում տեղակայված պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։

Երդման արարողությանը, ըստ ադրբեջանական կայքերի, մասնակցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, ընտանիքի անդամները։  

Այս տարվա հուլիսին բանակ է զորակոչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։ 

Հուլիսի վերջին Փաշինյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ «ուրախ կլիներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու»:

«Եթե նրա որդին ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»,- ասել էր Փաշինյանը:

21-ամյա Հեյդար Ալիև կրտսերն այս տարի ավարտել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան։ Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններից հետո նա համարվում է նախագահ հոր հավանական հետնորդներից մեկը։

Հանուն Հեյդար Ալիևի. Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը