Մասիսի քաղաքապետը ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց. փաստաբան

Այսօր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Նա տեղեկացրեց, որ գրավի չափը 5 մլն դրամ է։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություն կազմակերպելու, բռնություն գործադրելու և խուլիգանության համար։ Նա կալանավորվել էր հուլիսի 6-ին։

2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել:

Հուլիսի 6-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

 

Գևորգ Թոսունյան