Այս տարի Անկախության օրը կշնվի «Դու անկախ ես» կարգախոսի ներքո

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երևանի Հանրապետության հրապարակը: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, իսկ ավտոմեքենաների համար կփակվեն․ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ որոշել են անկախության տոնին նվիրված միջոցառումների իրազեկման ասուլիսը կազմակերպել հենց Հանրապետության հրապարակում:

«Ուզում եմ ասել, որ այս միջոցառումը իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող և աննախադեպ՝ իր սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն, լինելու են փակ ավտոմեքենաների համար: Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո: Սա շատ հստակ ուղերձ է: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, և ուղերձը հստակ հեղվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Աղաջանյանը:

Նա շեշտել է, որ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին:

«Դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ներկայացնելով միջոցառման մանրամասները՝ Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ միջոցառումը լինելու է ներառական բոլոր իմաստներով: 

«Այն բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներկայացնելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և ներառելու են մշակութային գրեթե բոլոր շերտերը: Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից: Երևի, կհիշեք, որ կար հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով մենաշնորհից՝ ելույթ ունենալու պետության կողմից կազմակերպված միջոցառումներին: Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, և դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր, ովքեր անմիջական ձևաչափի մեջ ելույթ կունենան Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաև ընդունելություն՝ կազմակերպված վարչապետի կողմից:

«Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ ևս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- մանրամասնել է Էդուարդ Աղաջանյանը: