Սիրիայում ռուսաստանյան ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 15 մարդ

Ռուսաստանյան Իլ-20 ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր 15 զինծառայող, անհետացել է Միջերկրական ծովի վրա թռիչք իրականացնելիս։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, օդանավն անհետացել է այն ժամանակ, երբ իսրայելական F-16 կործանիչները Լաթաքիայում հարվածներ են հասցրել, ռուսաստանցի զինծառայողների ճակատագիրն անհայտ է։

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ն, Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազա վերադառնալիս ափից 35 կմ հեռավորության վրա օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել է․ դա տեղի է ունեցել հենց իսրայելայան կործանիչների հարվածների ժամանակ։ Ըստ ՊՆ հաղորդագրության, ռուսաստանյան կողմը նախազգուշացվել է հարվածից մեկ րոպե առաջ։

«Կոմերսանտ» թերթը հավելում է, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը մեղադրել է Իսրայելին և հայտարարել, որ իսրայելական կործանիչները պարզապես «թաքնվել են ռուսաստանյան ինքնաթիռի հետևում»՝ այն դարձնելով Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցների թիրախ։

Ինչպես գրում է իսրայելական Times of Israel-ը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ՝ ասելով, որ Ռուսաստանը Իսրայելի դեմ պատասխան գործողություններ իրականացնելու իրավունք է վերապահում իրեն։

 Ըստ Շոյգուի՝ Իսրայելի ՊՆ գործողությունները «չեն համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերային ոգուն»։