«Բաքվին սանձել ու կառուցողական դաշտ բերել»․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը։

«Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ 

Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»,- հայտարարել է Բալայանը։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: 

Հանդիպումից առաջ տեղեկանալով, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով: