ԿԳ նախարարը խոսել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում իրավիճակի մասին

Կրթության և գիտության նախարարությունը քայլեր կձեռնարկի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ առնչություն է ունեցել ռեկտորը չարաշահումների հետ։ Այստեղ պաշտոնանկության հարց չի քննարկվում, խոսք է գնում կառավարման պատասխանատվության համար, եթե նույնիսկ նա ներգրավված չի եղել այդ կոռուպցիոն սխեմաների մեջ, այդ սխեմաները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում»,- ասաց նախարարը։

***

Սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չարաշահումներ են բացահայտվել։

Պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ.-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Նա փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3 մլն 500 հազ․ դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։

Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում վատնվել է շուրջ 900 հազ․ դրամ։

Պարզվել է նաև, որ 2016թ․ հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8 մլն 150 հազ․ դրամ։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Սեպտեմբերի 19-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով ռեկտոր Դավիթ Մուրադյանի հրաժարականը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել