Երևանն ընտրում է․ ինչ պետք է իմանալ քվեարկելու գործընթացի մասին

Սեպտեմբերի 23-ին Երևանում ընտրում են ավագանի։

Քվեարկությունն անցկացվում է Երևանի տարածքում կազմավորված 475 տեղամասային կենտրոններում` ժամը 8:00-ից մինչև 20:00-ն։

Ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ, չօգտագործված քվեաթերթիկների արկղ:

Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:

Արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:

Տարածքում հասարակական կարգի պահպանումն ու կուտակումներից տարածքը զերծ պահելն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:

Եթե քվեարկության սենյակում գտնվող ընտրողների մեծ թիվը խանգարում է քվեարկության բնականոն ընթացքին, հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող։

Քվեարկության սենյակում իրավունք ունի միաժամանակ ներկա գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր:

Քվերակության սենյակում իրավունք ունեն գտվնել ուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:

Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մեծ թիվը խանգարում է քվեարկության բնականոն ընթացքին, տեղամասային ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը, սակայն՝ ոչ պակաս 15-ից։

Մեկնաբանել