Ո՞վ է պատասխանատու դասասենյակների մաքրության համար

Կարգավորվում է հրապարակախոսությա՞մբ. դասարան մաքրելու կարգերից

Մարիամ Կարապետյան, մեդիահետազոտող

Հարցը մեր տուն էլ հասավ, երբ դպրոցում հավաքարարի գումար հավաքելու կարիք առաջացավ: Կրթության նախարարության հանրակրթության վարչություն զանգեցի՝ որպես տարրական դասարանի աշակերտի ծնող: Վստահ և համոզված, իբրև պաշտոնական պատասխան՝ ասացին՝ հավաքարարն է պատասխանատու, միայն ավագ դպրոցում են աշակերտները պատասխանատու դասասենյակների մաքրության համար։

Հաջորդ օրը զանգեցի՝ իմանալու՝ կա արդյոք գրավոր կարգ, որին կարելի է հղում անել. խորհուրդ տվեցին զանգել ֆինանսական բաժին։ Ֆինանսական բաժնի մասնագետը պատասխանեց, որ նման կարգ չկա, բայց կա կարգ, համաձայն որի՝ հիմնարկը պետք է ունենա հավաքարար, որը պատասխանատու է շինության ներքին տարածքի մաքրության համար, իսկ դասասենյակները դպրոցի ներքին տարածքն են համարվում։ Զրուցակիցս, սակայն, ամեն դեպքում ուղղորդեց քաղաքապետարան, քանի որ տղայիս դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է։

Քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակցուհին հանգամանալիորեն բացատրեց, որ դպրոցն ինքնավար մարմին է, ֆինանսավորումը աշակերտների թվով է, և եթե կարող է իրեն թույլ տալ մի քանի հավաքարար պահել, ապա նրանք մաքրում են նաև դասասենյակները։ Եթե ոչ, ուրեմն պատասխանատու են երեխաները, ծնողները, ուսուցիչները։ «Հասկանո՞ւմ եք՝ պետք է երեխաներին սովորեցնել մաքուր պահել դասարանները»,- ասաց աշխատակցուհին։

«Իսկ եթե դրանք այդուամենայնիվ կեղտոտվո՞ւմ են»․ պատասխանեց, թե դասարանում ընտանեկան միջավայր պետք է լինի, բոլորով պետք է անեն․․․ Գուցե ակտիվ երեխաներ լինեն կամ ծնողներ․․․ Կամ դասվարն ինքն ավելը ձեռքը վերցնի: «Չեմ կարող ասել, որ ձեր աղջիկը կամ հարսը գնա դպրոց ու ավել վերցնի, պարզապես պետք է չկեղտոտել դասարանները»,- սրտացավ մեղմությամբ ավելացրեց աշխատակցուհին։

Հարցիս ի պատասխան՝ տեղեկացացրեց նաև, որ դրամահավաքն ու հավաքարարին ծնողների միջոցներով ավել գումար տալը խստիվ արգելում են։ Աշխատակցուհին մի քանի անգամ ընդգծեց, որ փորձում է հաղորդակից դարձնել ինձ ոլորտի նուրբ կողմերին։ Կարծես ակնարկեց, որ գրեթե թաքուն, բարձրաձայն չասվող բաներ է ասում: Եվ շնորհակալություն հայտնեց զրույցի ավարտին։ Հարցրի՝ ինչու, ասաց՝ քիչ է պատահում, որ քաղաքացիների հետ կարելի է լինում այսպես հանգիստ զրուցել։

Հենց այստեղ էլ ավելի մտահոգվեցի. փաստորեն սրտացավությունը, ընտանեվարությունը, հասկացողի տոնով խնդիրը ներկայացնելը լուծում է մեր խնդիրները, փակում է հարցերը, հանում է հարցերը։ Նախընտրելի էր այնպիսի պատասխանը, որը վերն ասվածը կմեկնաբաներ առնվազն որպես ոլորտի խնդիր: Եվ ցավոք, կարծես շատ հեռավոր ապագայի հույս է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություն ինքնավար դպրոցի՝ հավաքարարի հաստիքներն ավելացնել-չավելացնելը, աշակերտների մաքրել-չմաքրելը առանձին դպրոցների հստակ ձևակերպված քաղաքականության մաս դառնան, որ դպրոցի ընտրության առջև կանգնած ծնողներին ներկայացվեն իբրև աջառարկվող ծրագրային փաթեթի մաս: Այդ ժամանակ դպրոցի պատերի տակից հարցերը կտեղափոխվեին դպրոցական իսկական ինքնավարությունների քաղաքականություններ, կտարանջատվեին ու կանվանվեին:

Իսկ մինչ այդ՝ թերևս հեռավոր ապագան դպրոցի տնօրենները ծնողների կողմից անցկացվող դրամահավաքն արտոնելիս ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումն են վկայակոչում.

«Դպրոցների դասասենյակների մաքրության պարտականությունն աշակերտներինն է: Քանի որ դպրոցներում դասասենյակները աշակերտների կողմից մաքրելը որոշ ծնողների համար իրենց երեխաների, հավանաբար նաև իրենց պատվից ցածր են համարում և անվերջ գրում են, թե ինչո՞ւ դպրոցների մաքրուհիները չեն մաքրում դասարասենյակները, ապա նշեմ, որ դեռ խորհրդային տարիներից դասարանների մաքրությունը դրված է աշակերտների վրա, ովքեր պիտի դպրոցից սովորեն իրենց ետևից մաքրել այն տարածքը․․․․»

Անահիտ Բախշյանը մեկ այլ հայտարարությամբ հավելել է. «Հետևաբար կա՛մ առանց տնօրենին կամ «մեկ պատուհան»-ին բողոքելու, պետք է վճարեք մաքրուհիներին այդ աշխատանքի համար, կա՛մ ձեր երեխաների հետ կազմակերպեք դասասենյակների մաքրությունը: Տնօրեններն էլ չեն կարող արգելել այս նպատակով ծնողների դրամահավաքը, որովհետև դա կամավոր իրենց որոշումն է, սա կաշառք չի, սա աշխատանքի դիմաց վարձատրություն է, ու նման բողոքների էլ վերադասը չպետք է անդրադառնա և տնօրենին անհարկի այպանի»:

Ուրեմն հարց՝ ի՞նչ լիազորություններով է Անահիտ Բախշյանը նման հայտարարություններ անում, հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում գերատեսչությունների դիրքորոշմանը։ Բախշյանի ելույթը հրապարակախոսական է, մեր երազած այն հեռավոր ապագայում առավելագույնը կարող էր պահպանողական դիրքորոշումներով որևէ դպրոցի դավանած կրթության մասին պատմող դպրոցական թերթի կամ բրոշյուրի նյութ լինել:

Հրապարակախոսությունը, սակայն, մեզանում հարցերը լուծում է այնտեղ, որտեղ կաղում են կարգերը։ Եվ մտահոգիչ է, որ կրթության ոլորտն առհասարակ հրապարակախոսության համար հարցեր լուծելու ամենագայթակղիչ տիրույթներից է:

Եվ ուրեմն՝ ո՞վ է պատասխանատու դասասենյակների մաքրության համար

Հարցի վերաբերյալ պաշտոնական պատասխանները, ինչպես պարզվեց, հակասական՝ հրապարակախոսական են. կրթության նախարարության աշխատակիցները հարցին պատասխանում են, բայց և քաղաքապետարանին են ուղղում հարցը՝ այսպիսով մի մեծ «բայց» և բաց հուշելով իրենց պատասխանի մեջ։ Քաղաքապետարանում այլ բան են ասում: Նախարարության և քաղաքապետարանի պատասխաններում, սակայն, մեկ բան ընդհանուր է՝ ծնողների կողմից դասասենյակները մաքրելու դիմաց հավաքարարին գումար տալն արգելվում է:

Ծնողներ ջան, դուք հավատո՞ւմ եք…

Մեկնաբանել