Փաշինյանը բանակցություններ կսկսի քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցություններ կսկսի քաղաքական ուժերի հետ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուրջ։

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ՝ 81 տոկոսանոց հաղթանակին, Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները»:

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։

Մեկնաբանել