Հայաստան-Սաուդյան Արաբիա. սառույցը հալվո՞ւմ է

Սաուդյան Արաբիան այն չորս երկրներից է (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան), որը ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1991-ից ի վեր պաշտոնական Երևանը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ռիադի հետ հաստատվեն հարաբերություններ։ Օգտագործվել է նաև փափուկ դիվանագիտությունը՝ ոչ դիվանագիտական խողովակները, սակայն թագավորական ընտանիքը մնացել է անդրդվելի։

Վերջին մի քանի օրերին տեղի ունեցան երկու իրադարձություններ, որոնք կարող են հույս ներշնչել, որ ապագայում Հայաստանն ու Սաուդյան Արաբիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ ապա նաև՝ միմյանց մայրաքաղաքներում կբացեն դեսպանատներ։

Խոսքը Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների՝ միմյանց շնորհավորական ուղերձներ հղելն էր ազգային տոների առիթով, ընդ որում՝ առաջինը արեցին սաուդցիները:

Իհարկե, արտառոց չէ, երբ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների առաջնորդները միմյանց շնորհավորում են ազգային տոների առիթով։ Անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն են շնորհավորել միմյանց։ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը չորս անգամ անընդմեջ՝ 2010-ին, 2011-ին, 2012-ին և 2013-ին, շնորհավորել են Սեպտեմբերի 21-ն ու Հոկտեմբերի 29-ը՝ Հայաստանի Հանրապետության անկախության և Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության համաձայն, Սաուդյան Արաբիայի թագավորը Հայաստանի նախագահին առողջություն ու երջանկություն է մաղթել, իսկ հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը՝ կայուն առաջընթաց և բարգավաճում:

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը:

Սեպտեմբերի 23-ին Արմեն Սարգսյանը Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն:

Արմեն Սարգսյանը Սաուդյան Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը միտված երկու երկների քայլերը կծառայեն ի շահ երկու ժողովուրդների:

2017-ի հունվարին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բազմաթիվ իսլամական երկրների հետ: Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց պատրաստ ենք այն հաստատել, սակայն Սաուդյան Արաբիան դեռ չի գնում դրան: Երբ կգնա, այն ժամանակ կհաստատենք, մենք այնպիսի վիճակում չենք, որ այդ հարաբերությունների հաստատումից հեղաշրջում լինի միջազգային հարաբերություններում», ասել է Նալբանդյանը:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կա մի քանի հարյուր հազար դոլարի հասնող երկկողմ ապրանքաշրջանառություն:

Սաուդյան Արաբիայում ապրում և աշխատում են մի քանի հարյուր հայեր Մերձավոր Արևելքի արաբական երկրներից:

Նավթով հարուստ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի կարևոր պետություններից է՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներից մեկը տարածաշրջանում:

Լուսանկարում՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը

Մեկնաբանել