Քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտություն․ ՀՅԴ-ն՝ ընտրությունների արդյունքների մասին

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ․

«Հայրենակիցներ,

Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողությունները իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։

Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։

Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին։

Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է և այս առումով ուզում ենք հույս հայտնել˒ որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»։

Երեկ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքին շնորհավորել են «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները։

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81.06 տոկոս, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6․95 տոկոս արդյունքով։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4․99 տոկոս արդյունքով:

Հայ հեղափոխական դաշնակցությունը հավաքել է ձայների 1․62 տոկոսը՝ չհաղթահարելով անհրաժեշտ՝ 6 տոկոսի շեմը։

Մեկնաբանել