Մնացականյանը Նյու Յորքում եռանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Այս առումով, Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ: Թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտել է, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպման նախօրեին։