Հայաստանին միայնակ չթողնել․ Եվրոպայի հայերի համագումարի կոչը ԵՄ-ին

Եվրոպայի հայերի համագումարը իր և սեպտեմբերի սկզբին Քյոլնում կայացած խորհրդաժողովի մասնակիցների անունից դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրախորհրդարանին և Եվրամիության կառույցներին՝ խնդրելով աջակցել և օժանդակել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը՝ «Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու նպատակով»։

«Ինչպես գիտեք՝ մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել աննախադեպ, բացառիկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն՝ առանց գեթ մի կաթիլ արյուն թափելու, և նորաստեղծ կառավարությունը, որը վայելում է հայաստանցիների և Սփյուռքի անվերապահ աջակցությունը, ներկայում եռանդուն կերպով պայքարում է կոռուպցիայի և անարդարության բոլոր դրսևորումների դեմ։

Այսօր նոր կառավարության և Հայաստանի ժողովրդի առանցքային արժեքներն են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Եվրոպայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում է նոր կառավարության որդեգրած ժողովրդավարական քաղաքականությանը՝ երաշխավորելու շարունակական և սահուն աճ ու զարգացում։ Հետևաբար Եվրամիությունից ակնկալում ենք, որ հավատարիմ իր համընդհանուր արժեհամակարգին՝ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերի լայն աջակցություն՝ ի շահ արդարության, ազատության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամուր համագործակցության»,- ասվում է հայտարարությունում։

Հեղինակները վկայակոչում են Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և շեշտում, որ Թավշյա հեղափոխությունից հետո այդ գործընկերությունը «պետք է կյանքի կոչվի նոր ծավալով ու խորությամբ»։

«Հայաստանը մշտապես ձգտել է ապրել խաղաղության և ներդաշնակության մթնոլորտում իր բոլոր հարևանների հետ, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի բռնատիրական և հակաժողովրդավարական իշխանությունները, ձեռք ձեռքի տված, ուղղակի և անուղղակի կերպով վարում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայերի բնաջնջման քաղաքականություն»,- հայտարարում է Եվրոպայի հայերի համագումարը։

Կազմակերպությունը Եվրամիության առաջնորդներից ու իշխանություններից ակնկալում է ցուցաբերել «անկողմնակալ և լայն աջակցություն Հայաստանի և հայ ժողովրդի պատմության այս բացառիկ նոր և պայծառ ժամանակահատվածում» և ԵՄ-ին կոչ է անում «Հայաստանին միայնակ չթողնել ժողովրդավարական այս պայքարում»։