Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպում են ունեցել Նյու Յորքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարութունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հանդիպումն սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Մեկնաբանել