Անկարայի Բիլքենթ համալսարանի Քաղաքագիտության ու Հանրային կառավարման բաժնի դասախոս, ազգությամբ հույն Իոաննիս Գրիգորիադիսը ՍիվիլՆեթի Գոռ Երանյանի հետ հարցազրույցում պատմում է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի, թուրք-ամերիկյան ու թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայում տիրապետում է հետևյալ մոտեցումը. «Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը՝ 100 տոկոս սխալ»:
Ինչպե՞ս սկսվեց Թուրքիայի տնտեսական ճգնաժամը և ինչպե՞ս հասավ այսօրվա վիճակին:
Թուրքիայի տնտեսական ճգնաժամի պատճառները գտնելու համար պետք է նայել անցյալին: Վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը շատ է զարգացել, բայց այդ զարգացումը չի ընթացել առողջ ճանապարհով: Տնտեսական վերելքի ժամանակաշրջանում ոչ բոլոր ոլորտներն են միաժամանակ զարգացել, այսինքն՝ Թուրքիայի տնտեսության մեջ այժմ կան կառուցվածքային խնդիրներ: Եթե քաղաքական իրավիճակը փոխվում է կամ քաղաքական ճգնաժամ է առաջանում, այն անմիջապես անդրադառնում է տնտեսության վրա, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շատ զգայուն է: Մենք տեսնում ենք, օրինակ, վերջին շաբաթների ընթացքում թուրքական լիրայի արժեզրկումը, այն ազդադարում է ոչ թե թուրքական տնտեսության հիվանդության մասին, այլ հիվանդության նախանշան է դեռ: Խնդիրներն ավելի խորքային են և կապված չեն միայն Թուրքիայի հետ: Զարգացող բոլոր երկրների տնտեսական դրությունը նման է թուրքականին: Եթե միջազգային հարթակում, օրինակ Եվրոպայում, Ամերիկայում տոկոսադրույքը բարձրանա, կնշանակի, որ Թուրքիայում, Մեքսիկայում, Հարավային Աֆրիկայում փողն արժեզրկվելու է: Թուրքիան այնպիսի երկիր է, որ արտաքին պարտքի կարիք ունի: Դա նշանակում է, որ անցյալի համեմատությամբ Թուրքիայի տնտեսությունը ավելի խոցելի է: Ուստի այն, ինչին այժմ ականատես ենք, ցավոք, այդքան էլ անակնկալ չէ:
Այսինքն, ձեր կարծիքով թուրքական տնտեսության ներկա վիճակը պայմանավորված չէ՞ թուրք-ամերիկյան ներկա հարաբերություններով ու ամերիկյան պատժամիջոցներով:
Ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններով պայմանավորված չէ, խնդիրներն ավելի խորքային են ու հին: Քանի որ մի կողմից երկրում տետեսական ճգնաժամ է, մյուս կողմից ամերիկա-թուրքական հարաբերությունները վատացել են, հանրային ընկալման մեջ դրանք կապվում են իրար: Իհարկե, ամերիկա-թուրքական հարաբերությունների առկա ճգնաժամը բացասաբար է ազդում Թուրքիայի տնտեսության վրա, օրինակ, երբ նախագահ Թրամփը հակաթուրքական որևէ հայտարարություն է անում, Ստամբուլի բորսայում անկում է տեղի ունենում: Սակայն թուրքական տնեսության խնդիրներն ավելի խորքային են:
Ինչպիսի՞ն է այժմ Թուրքիայի տնտեսական վիճակը, տնտեսական ճգնաժամը կարո՞ղ է երկար տարիներ տևել:
Մասնագետների գնահատմամբ՝ Թուրքիայի տնտեսությունը այլևս այնքան արագ չի զարգանալու, որքան նախկինում: Միաժամանակ տնտեսական այս ճգնաժամի հանգուցալուծումը պայմանավոված է նաև արտաքին քաղաքական խնդիրներով: Օրինակ, եթե սկսվի համաշխարհային տնտեսական պատերազմ, Միացյալ Նահանգները ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառի Եվրամիության կամ այլ երկրների նկատմամբ կամ, ասենք, բարձրացնի մաքսատուրքերը, այդ դեպքում Թուրքիայի տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա: Թուրքիայի տնտեսական դրությունը առաջիկա տարիներին կշարունակի մնալ Թուրքիայի օրակարգային խնդիրներից մեկը:
Ինչո՞ւ են թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել, ո՞րն է հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը:
Մի շարք պատճառներ կարող ենք մատնանշել: Ամենից կարևորը այն է, որ վերջին տարներին թուրքական տնտեսության արձանագրած հաջողություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ի հայտ եկավ նոր նպատակ, այն է՝ Թուրքիան ցանկանում է վարել անկախ արտաքին քաղաքականություն, այնպիսի արտաքին քաղաքականություն, որ պարտադիր չէ համապատասխանի ամերիկյան արտաքին քաղաքական շահերին:
Միաժամանակ պետք է ամերիկա-թուրքական հարաբերությունները դիտարկել անձնական՝ Թրամփ-Էրդողան հարթությունում: Երկու երկրների հարաբերություններում այժմ կան մի շարք այլ խնդիրներ՝ ամերիկացի քահանա Բրանսոնի հարցը, որն այժմ Թուրքիայում տնային կալանքի տակ է, Գյուլենական համայնքի խնդիրը, միաժամանակ ռազմական ոլորտում՝ Ս-400 հրթիռային համակարգերի խնդիրը:
Երկու երկրների հարաբերություններում այժմ նկատվում են փոխադարձ անվստահություն, կարծես 60 տարվա դաշնակիցներ չլինեն: Սա շատ կարևոր հանգամանք է:
Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը վառ վկայությունն էր այն բանի, որ Թուրքիան պատկանում է Արևմուտքին: Չնայած ցանկությանը՝ Թուրքիան չդարձավ Եվրամիության անդամ, բայց մնում էր ՆԱՏՕ-ի ամանուժեղ ու ամենակարևոր երկրներից մեկը: Թուրքիան դրանով ասում էր՝ մենք Արևմուտքում ենք, արևմտյան երկրների հետ ենք դաշնակցում: Սակայն հարաբերությունների աստիճանական վատթարացմանը զուգահեռ՝ առաջանում են մի շարք հարցեր: Ցանկանու՞մ է Թուրքիան Ռուսաստանի հետ զարգացնել անվտանգային հարաբերությունները: Այդ դեպքում ի հայտ է գալիս առանցքային համարվող տնտեսական գործոնը: Ինչպես քիչ առաջ նշեցի, Թուրքիան կախված է արտաքին պարտքից: Իսկ արտաքին պարտքը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ Արևմուտքից՝ ամերիկյան և եվրոպական շուկաներից:
Ռուսաստանը կարո՞ղ է Թուրքիայի համար այլընտրանք լինել:
Չեմ կարծում, որ Ռուսաստանը Թուրքիայի համար կարող է այլընտրանք լինել: Թուրք-ամերիկյան, Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները հիմնված են ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական գործոնի վրա: Ինչպես նշեցի, Թուրքիայի տնտեսությունը մեծ զարգացում ու հաջողություն է ապրել վերջին 15 տարիներին, սակայն հարց տանք՝ ո՞վ է մասնակից եղել ու նպաստել այդ զարգացմանը: Նպաստել են արևմտյան՝ գերմանական, ֆրանսիական, բրիտանական, ամերիկյան ներդրողները, կառուցել են նոր գործարաններ, Ստամբուլի բորսայում են ներդրումներ արել: Թուրքիայի տնտեսությունը զգալի չափով հզորացել է վերոնշյալ ներդրումների շնորհիվ: Թուրք-ռուսական հարաբերությունները հիմնականում պայմանավորված է էներգետիկ համագործակցությամբ. Թուրքիան ռուսական գազի կարիքն ունի: Ռուսաստանի տնտեսական հզորությունը չի նպաստում, չի օգնում Թուրքիայի տնտեսությանը:
Դեռ 2002-ին, երբ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները զարգացման միտումներ ունեին, կառավարությունում աշխատող մի շարք խորհրդականներ ասում էին, թե կարելի է չընթանալ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմամ ուղիով, այլ գնալ դեպի Ռուսաստան կամ Չինաստան: Դրանք երկրներ են, որող ուժեղ են, սակայն լիբերալ չեն: Ինչպես այն ժամանակ առաջարկվող մոդելը կյանքի չկոչվեց, հիմա էլ, իմ կարծիքով, չի կարող իրականություն դառնալ:
Մի փոքր խոսենք Թուրքիայում տիրող հակաամերիկյան տրամադրությունների՝ թուրքական հակաամերիկանիզիմի մասին:
Մի քանի տարի առաջ հոդված էի գրել այս թեմայով և ինձ համար չափազանց ուշագրավ բացահայտում է, որ մինչև վերջին ժամանակները Թուրքիայում հակաամերիկյան տրամադրություններ գոյություն չեն ունեցել: Դա այն դեպքում, որ Մերձավոր Արևելքում կամ Հարավային Եվրոպայում հակաամերիկյան տրամադրությունները միշտ շատ ուժեղ են եղել: Խոսքս, այսպես կոչված, միայն լիբերալ անտիամերիկանիզմի մասին չէ: Լիբերալ անտիամերկանիզմը այն է, որ մեղադրում ես Ամերիկային իր հռչակած արժեքները չպահպանելու, հայտարարած սկզբունքներին հավատարիմ չլինելու մեջ: Խոսքը այն հակաամերկանիզմի մասին է, որ Ամերիկային ընկալվում ես որպես սպառանլիք պետության ինքնիշխանությանը, մեղադրում ռազմական հեղաշրջումներ կազմակերպելու, այս կամ այն ժողովրդի իրավունքները չճանաչելու մեջ, ճաաչում որպես գաղութային քաղաքականություն վարող երկիր: Այս տրամադրությունները, հակամերիկանիզմի այս տեսակները Թուրքիայում գոյություն չունեին: Ինչո՞ւ: Որովհետև Թուրքիայում 1960-ականներից տեղի ունեցած ռազմական հեղաշրջումները թույլ չեն տվել, որ երկրում զարգանա քաղաքացիական հասարակությունը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Թուրքիայում ճնշվել են հակաամերիկյան տրամադրությունները, և այն չի արտացոլվել ինչպես քաղաքական կուսակցությունների օրկարագում, այնպես էլ հանրային կարծիքում: Սակայն վերջին 15-18 տարիների ընթացքում՝ Թուրքիայի ժողովրդավարացմանը զուգահեռ, հակամերիկյան տրամադրությունները սկսեցին ուժեղանալ: Իրաքյան երկորդ պատերազմը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո իսլամի հանդեպ ամերիկյան մոտեցումները թուրքական հասարակության մեջ բացասական արձագանք գտան և ուժեղացրին հակաամերիկյան տրամադրությունները:
Սակայն վերջին տարիներին հակաամերիկանիզմը սկսեց կապվել Թուրքիայի ներքին քաղաքականության հետ: Թուրքիայում և ոչ միայն Թուրքիայում տարածված են դավադրության տեսությունները: Թուրքիայում մեծ տարածում ունի հետևյալ մտայնությունը: Ինչո՞ւ է երկրում տնտեսական ժգնաժամ, որովհետև մեծ տերությունները,- ասում են արտաքին սադրիչ ուժերը,- ուզում են կասեցնել Թուրքիայի հզորացումը: Բնականաբար, նման մտայնության դեպքում հակամերիկյան տրամադրություններն ավելի են խորանում:
Անդրադառնանք տարածաշրջանային խնդիրներին: Խոսենք Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին: Հայաստանյան ընկալմամբ, կարծես, այդ երկու երկրները նույնական լինեն, երկուսն էլ նույն քաղաքականությունն են վարում և նրանց մոտեցումներում տարբերություն չկա: Ինչպիսի՞ն են թուրք-ադրբեջանական հարաբերություններն իրականում:
Թուրքիայում՝ ծայրահեղ աջ հոսանքում կա շատ տարածված մի արտահայտություն. «Մեկ ազգ, երկու պետություն»: Ըստ իս՝ սա ավելի շատ խոսք է, քան իրականություն: Ինչո՞ւ: Որովհետև շատ հարցերում տարբեր են այս երկու երկրների շահերը, ըստ այդմ էլ տարբեր են մոտեցումները: Օրինակ վերցնենք Արևմուտքի հետ հարաբերությունները: Ադրբեջանը երբեք կոշտ դիրքորոշում չի որդեգրել Արևուտքի հանդեպ, նա կախվածություն ունի Արևմուտքից: Կամ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները լրիվ տարբեր են թուրք-ռուսական հարաբերություններից: Թուրքիան փորձում է ավելի մեծ խաղ խաղալ: Թուրքիան ավելի մեծ պետություն է, ավելի երկարաժամկետ ու ավելի մեծ աշխարհագրություն ընդգրկող արտաքին քաղաքական ծրագրեր է փորձում իրականացնել:
Դրանով հանդերձ, վստահաբար պետք է նշել, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա Ղարաբաղի հարցը թուրքական հասարակության հատկապես աջ հատվածի համար ունի կարևոր նշանակություն: Եվ ինչ է հիմա տեղի ունենում Թուրքիայում: Թուրքիայի վերջին ընտրություններում Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցությունների համագործակցության հետևանքով իշխանությանը ձայն տվող հատվածը մերձենում է աջ հատվածի հետ: Այդ պատճառով Թուրքիայի գործող կառավարության համար ավելի է դժվարանում այսպես ասած ազգային գծից դուրս ինչ-որ որոշում կայացնելը:
Ցավոք, հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրությունը պատրաստ չէ լուծման: Թուրքիայում գոյություն ունի հետևյալ ընկալումը,- ընկալում որ զարգացել է վերջին տարիներին,- այսպես՝ Թուրքիան ու Ադրբեջանը 100 տոկոս ճիշտ են, Հայաստանը հարյուր տոկոս՝ սխալ: Ցավոք, նման պայմաններում հարցի լուծման մասին խոսել հնարավոր չէ: Սակայն սա չի նշանակում, թե Թուրքիան ու Ադրբեջանը նույն արտաքին քաղաքականությունն են վարում, երկու երկրներն էլ ունենք միմյանցից տարբեր քաղաքական օրակարգեր ու առաջնահերթություններ:
Քիչ առաջ ասում էիք, թե Թուրքիան ցանկանում է անկախ արտաքին քաղաքականություն վարել: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կարո՞ղ է ամբողջովին անկախ արտաքին քաղաքականություն որդեգրել:
Ըստ իս՝ ոչ, այդպիսի բան հնարավոր չէ: Թուրքիայում նման տրամադրությունների ի հայտ գալու հիմնական պատճառը երկրի տնտեսական զարգացումն էր, բնակչության թիվն ու ռազմական հզորությունը: Ադրբեջանում չկան վերոհիշյալ հանգամանքերը, ուստի չի կարող: Նշեցինք, որ նույնիսկ Թուրքիան չի կարղանում մեծ դերակատար լինել, քանի որ գլոբալացման տիրույթում զարգացող երկրները իսկապես կախված են միմյանցից ու միմյանց կարիքն ունեն: Թուրքիայի ավելի ազգայնական շրջանակներում հետևյալ մոտեցումը կա, թե Թուրքիան Արևմուտքի կարիքը չունի, այդ Արևմուտքն է, որ զգում է Թուրքիայի կարիքը: Ըստ իս՝ սա իրականությանը չի համապատասխանում:
Հայաստանի հետ հարաբերությունները այժմ Թուրքիայի համար որևէ կարևորություն ունե՞ն, Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում կա՞ արդյոք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը օրակարգում է, իսկ Թուրքիային վերաբերող լուրերը՝ մշտապես ուշադրության կենտրոնում: Նույնը չենք կարող ասել Թուրքիայի մասին, որտեղ Հայաստանին ու Հունաստանին առնչվող լուրերը շատ ավելի քիչ ուշադրություն են գրավում: Թուրքիան այժմ շատ զգայուն ժամանակներ է ապրում և ցավոք, անտրամաբանական է սպասել, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ինչ-որ քայլ է անելու: Սակայն երկու երկրների քաղաքացիական հասրակությունները շատ բան կարող են անել: Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են ուժեղացնել միմյանց միջև կապերը, միջոցառումներ կազմակերպել, նախապաշարումները վերացնել, սրանք շատ-շատ կարևոր են: Եթե ասենք երկու տարի հետո հարաբերությունների բարելավման քաղաքական կամք է դրսևորվում, մթնոլորտը արդեն կարող է ավելի նպաստավոր լինել: Որքան հասկանում եմ, Հայստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների կապը շատ թույլ է՝ ի տարբերթյուն Հունաստանի ու Թուրքիայի, ուր հասարակությունները միմյանց ավելի մոտ են: Հունաստանից Թուրքիա, Թուրքիայից Հունաստան սովորելու գնացող ուսանողների թիվը բավական մեծ է: Ըստ իս՝ այս առումով շատ անելիքներ ունեք:
Մի տեսական հարց՝ եթե Թուրքիան ցանկանա բացել Հայաստանի հետ սահմանը, Ադրբեջանը կարո՞ղ է արգելք լինել:
Առանցքային է ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումը, այլ թուրքական հանրային կարծիքը: Թուրքիայի հասարակությունը սահմանի բացումը կընկալի պարտություն կամ զիջում: Իմ կարծիքով՝ այս հարցում վետոյի իրավունքը ոչ թե Ադրբեջանինն է, այլ թուրքական հանրությանը: