Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել երեք հարցի շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատմել է Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։

Փաշինյանն ասել է, որ ունեցել է ոչ ֆորմալ շփում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շփումը եղել է երեկ երեկոյան և այսօր։ «Դա այդպիսի մեր առաջին հանդիպումն էր, քննարկումն էր»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրեն և Ալիևին ծանոթացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին՝ Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։

Փաշինյանը ասել է, որ Ալիևի հետ առարկայական խոսակցություն է ստացվել և դրա արդյունքում իրենք մի քանի կարևոր կետեր են արձանագրել։

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին։ Կարծում եմ՝ սա կարևոր պայմանավորվածություն է։ Ես այս պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նրա համար ևս ընդունելի է եղել այս պայմանավորվածությունը։ Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական սահմանի և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ երեք երեկոյից Դուշանբեից հրաման է տվել զինված ուժերին, և իր վարչապետ ընտրվելուց հետո երեկ եղել է ամենախաղաղ գիշերը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «իրավիճակը, երբ զոհեր էին տեղի ունենում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից, դրան պետք է վերջ տրվի»։

«Հաջորդ կետով մենք արձանագրել ենք բանակցային պրոցեսի և բանակցային մեթոդի նկատմամբ մեր հավատարմությունը։ Այսինքն, արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը»։

«Երրորդ շատ կարևոր կետը հետևյալն է, որ մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել։ Առայժմ դա համաձայնություն է։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ կոմունիկացիոն կապը, տեխնիկական առումով կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, պարզապես համաձայնել ենք, որ հանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք կարողանան օպերատիվ կապի այդպիսի համակարգ մշակեն, որպեսի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել․․․ որովհետև ամեն անգամ այդ բանավեճը լինում է, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը»։