Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխությունը Հայաստանում անշրջելի է։

«Մեր խնդիրն է, այսպես ասած, սիրո և համերաշխության մթնոլորտում հասնել արտահերթ ընտրությունների։ Անխուսափելի է, արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան Հայաստանում, և դրանք պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, բայց ոչ ափալ-թափալ»,- ասել է նա ։

«Արդեն վաղվանից կսկսենք զբաղվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով, ինչպես պայմանավորվել ենք»,- նշել է վարչապետը և հավելել, որ խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով պետք է քննարկումներ ունենան։

«Ես հույս ունեմ, որ այս մասով կգանք համաձայնության, և այս քննարկումների հիմքում, անկեղծ ասած, ես որևէ մեթոդի նախապայման չեմ դնի։ Պայմանն այն է, որ սա կապված է նրա հետ, որ, ըստ էության, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական հարցը շատ կոնկրետ էր դրված, դրված էր խորհրդարանական արտահերթ ընտրություններին կողմ կամ դեմ լինելու հարցը։ «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս ձայն է հավաքել, սա աննախադեպ բարձր ցուցանիշ է, սա նշանակում է, որ Հայաստանի հանրությունը հստակ ձևակերպում է պահանջ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ Իհարկե, եթե կլինեն փաստարկներ, որ այդ պահանջն այդքան էլ ամբողջական չէ, ես կարծում եմ, որ մենք նույնպես կունենանք, կգտնենք փաստարկներ՝ ցույց տալու, որ այդ պահանջը շատ ավելի մեծ է, քան որոշ գործընկերները պատկերացնում են»։

Փաշինյանը արտահերթ ընտրությունների անցկացումը կարևորել է նաև երկրի տնտեսության տեսանկյունից․

«Ողջ միջազգային հանրությունը, պոտենցիալ ներդրողները, գործարար միջավայրը կարևորում են այդ հանգրվանը՝ համոզվելու, որ գոնե միջնաժամկետ ծրագրեր իրենք կարող են վստահ անել»։

․․․

Ֆեսյբուքյան եթերում Նիկոլ Փաշինյանը պատմել է նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ իր կարճատև հանդիպման և պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին։

Մեկնաբանել