Ադրբեջանում պահանջում են վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը

Սեպտեմբերի 29-ին Բաքվում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որին, ըստ Turan գործակալության, մասնակցել է մի քանի հազար մարդ։ Ցուցարարները պահանջել են վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ 

Ցույցի կազմակերպիչներից Աքիֆ Նաղըն հայտարարել է, որ «իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համախմբվեն ղարաբաղյան հարցում և ցուցաբերեն հանրության միասնական կամքը»։

Մասնակիցները իշխանությունից պահանջել են «օկուպացված տարածքների ազատագրման ուղղությամբ արմատական քայլեր» և հայտարարել են, որ 25 տարվա ընթացքում իշխանությունը հիմնախնդրի լուծման պատրանք է ստեղծել միայն։

***

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատմել է Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։ Փաշինյանն ասել է, որ ունեցել է ոչ ֆորմալ շփում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շփումը եղել է երեկ երեկոյան և այսօր։ «Դա այդպիսի մեր առաջին հանդիպումն էր, քննարկումն էր»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իրեն և Ալիևին ծանոթացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին՝ Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Փաշինյանը ասել է, որ Ալիևի հետ առարկայական խոսակցություն է ստացվել և դրա արդյունքում իրենք մի քանի կարևոր կետեր են արձանագրել։