Վարչապետը խոսեց «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձավ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ձեռք բերելու հիփոթեքային ծրագրին, որով առավել բարելավվում են վարկի տրամադրման պայմանները։

Որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել արտոնյալ պայմաններով, փոխվում է զույգերի ընդհանուր տարիքային գումարը՝ նախկին 65-ից դառնալով 70։

Այս ընտանիքները այժմ կարող են երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով․ Երևանում՝ 7,5%, մարզերում՝ 5,5%։

Եթե ընտանիքը գրավադրում է որևէ անշարժ գույք, ապա բնակարանի ձեռք բերման կանխավճարը կարող է լինել 10%, իսկ առանց գրավի՝ 20% (այս գումարը նախկինում 30% էր)։

Փաշինյանի պնդմամբ՝ այս որոշմամբ կարելի է երկրորդային շուկայից գնել մինչև 25 մլն դրամ արժողությամբ, իսկ առաջնային շուկայից՝ մինչև 30 մլն դրամ արժողությամբ բնակարաններ։ Փոխվում է նաև հիփոթեքի մարման տարիների թիվը․ առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքը հնարավոր կլինի մարել 30 տարում, իսկ երկրորդային շուկայինը՝ 20 տարում։

Վարչապետը հիշեցրեց, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիները պետության կողմից հետ են ստանում իրենց կողմից վճարած եկամտային հարկի գումարները։

Մեկնաբանել