Նախագահը երևանյան ընտրություններն անվանել է «սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները:

Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ:

Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։ Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը:

Մաղթում եմ Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի»:

***

Սեպտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

Ըստ այդմ անդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) Իմ քայլը կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ
2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ
3) Լույս կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ

Մեկնաբանել