Սերժ Սարգսյանին առանձնատան 10 տարբերակ է առաջարկվել․ Էդուարդ Աղաջանյան

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին մայիսից ի վեր առաջարկվել է բնակարանի 10 տարբերակ, ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Այդ տարբերակներից որևէ մեկը, սակայն, Սարգսյանի գրասենյակի համար ընդունելի չի եղել։

Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ Սարգսյանի գրասենյակը կառավարությանը առաջարկել է Ազատության պողոտայում առանձնատուն գնել ու տրամադրել Սարգսյանին։ Այս տարբերակը, սակայն, ֆինանսապես ձեռնտու չի եղել։ Այն կիսակառույց վիճակով արժեցել է 6 միլիոն դոլար, սակայն մոտ 6 միլիոն դոլար էլ կառավարությունը պիտի ծախսեր՝ այն վերջնական տեսքի բերելու համար։ Սերժ Սարգսյանի գրասենյակը նաև առաջարկել է Սարգսյանին տրամադրել ԱԱԾ ընդունելությունների տունը։ Այս տարբերակն էլ մերժվել է, քանի որ այն պետական գործառույթներ կատարելու համար նախատեսված շինություն է։

Անցյալ շաբաթ կառավարությունը Սերժ Սարգսյանին առանձնատուն է առաջարկել Ավան վարչական շրջանում։ Մոտակա օրերին կառավարությունն ակնկալում է պատասխան ստանալ այս առաջարկի առթիվ։ Աղաջանյանը նշում է՝ իրավական առումով պաշտոնաթող նախագահին պետությունը պետք է հատկացնի բնակարան, սակայն Հայաստանի պաշտոնաթող նախագահներին ըստ ավանդույթի հատկացվել է առանձնատուն, և իրենք չեն ցանկանում խախտել այդ ավանդույթը։