Ընկերնե՛ր, ես հակադաշնակցական չեմ, դե՛ն նետեք «սև ցուցակ»-ները

Անցնող տարվա ապրիլին, այն ժամանակ իշխող ՀՀԿ-ի հետ կառավարական գործընկեր ՀՅԴ-ն, տարածեց փակ շրջաբերական, որով տողերիս հեղինակին, Արա Պապյանին և Րաֆֆի Տուտագլեանին ներառեց «սև ցուցակի» մեջ։ Դա նշանակում է, որ իմ անունը այլևս չպիտի տեղ գտնի դաշնակցական մամուլում, ինձ չպետք է հրավիրեն քննարկումների, սփյուռքյան իմ ելույթների ընթացքում դաշնակցականները պետք է բոյկոտեն ինձ։ Նույնը վերաբերում է Պապյանին ու Տուտագլեանին։

Իմ դեպքում, այս մեկուկես տարվա ընթացքում, եղել է առնվազն մեկ բացառություն։ Այս տարվա հունվարին, երբ կազմակերպել էի խնկարկություն և մոմավառություն՝ ի հիշատակ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150-ամյակի, «Երկիր Մեդիան» լուսաբանեց այդ ձեռնարկը ու նաև Քաջազնունիների ընտանեկան գերեզմանում հնչեցրած իմ խոսքից մի հատված ներկայացրեց։

Շրջաբերականի տարածումից կարճ ժամանակ անց իմ դաշնակցական ընկերները (ես տասնյակ, եթե չասեմ հարյուրն անց ընկերներ ունեմ ՀՅԴ-ից՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում) հեռախոսազանգերով կամ նամակներով ինձ տեղեկացրին այդ մասին։

Կարդացե՛ք նաև

Ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին

Թուֆենկյան հիմնադրամն ակնկալում է Րաֆֆի Տուտագլեանի ծեծի հետաքննություն և մեղավորների բացահայտում

«Սև ցուցակ»-ում իմ հայտնվելու մասին գրում եմ առաջին անգամ։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ մինչև վերջերս, ես համոզված էի, որ ցուցակում հայտնվելու պատճառներից գլխավորը իմ ամենօրյա քննադատությունն էր Սերժ Սարգսյանի և նրա կառավարության հասցեին, որին մաս էր կազմում նաև ՀՅԴ-ն։ Ինձ անգամ ասել էին, որ վերջին կաթիլը եղել է «Ազատությանը» տված իմ այն հարցազրույցը, որտեղ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը համարել էի «քաղաքական նոնսենս»։

Ի դեպ, այսօր էլ այն համարում եմ «քաղաքական նոնսենս», քանի որ ՀՀԿ-ն դաշինք կազմելու կարիք չուներ և միայնակ կարող էր կազմել կառավարություն։

Իմ՝ «սև ցուցակ»-ում հայտնվելուց հետո փորձում էի որևէ կերպ չլարել հարաբերությունները։ Ավելին, սփյուռքյան իմ այցելությունների ընթացքում կապ էի պահպանում ՀՅԴ-ական ընկերների ու հաստատությունների հետ։ Այսպես, անցնող նոյեմբերին, երբ հերթական անգամ այցելեցի Բեյրութ, եղա ՀՅԴ Շաղզոյան կենտրոնում և «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում, ընդ որում՝ մի քանի անգամ։ Ես 12 տարի անընդմեջ գրել եմ «Ազդակի» էջերում, որի համար հպարտ եմ։ Ինձ հատկապես ուրախացրեց այն իրողությունը, որ «սև ցուցակ»-ում ներառվելուց հետո Բեյրութի Համազգայինի գրատունը վաճառքից չէր հանել իմ հեղինակած և հրատարակած գրքերը։ Ավելին, վաճառված գրքերի գումարը ստացա, և պայմանավորվեցինք պակասը լրացնել։

Այսօր էլ չէի անդրադառնա «սև ցուցակ»-ին, եթե իմ անունը չհայտնվեր ֆեյսբուքյան փակ խմբի քննարկման առանցքում։ Ավելին, ես հիմա արդեն մտածում եմ, որ իմ՝ ցուցակում հայտնվելը այնքան էլ կամ բոլորովին էլ կապ չունի Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության քննադատության հետ։ Արդեն ամիսներ չկա Սերժը, մեծ հաշվով չկա նաև ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս է կազմում։ Հինգ ամիս է անցել Թավշյա հեղափոխությունից, սակայն ես մնում եմ ցուցակում։ Ավելին, իմ հասցեին քննադատության ու նաև սպառնալիքի տարափը չի դադարում։ Այդ մասին ես տեղեկացա օրերս։

Մի քանի օր առաջ իմ ընկերներից մեկը ինձ ուղարկեց հատվածներ «դաշնակցականներ/arf members» փակ խմբում ծավալված մի քննարկումից։ Նրա թույլտվությամբ ես հրապարակեցի այդ հատվածներից մեկը, որի հեղինակը իմ ֆեյսբուքի ընկեր, Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Բոստոնի արխիվի նախկին պատասխանատու Վաչէ Բրուտեանն է:

Պարոն Բրուտեանին մտահոգել է, որ տողերիս հեղինակը անկեղծ չէ, երբ հրատարակում է Հովհաննես Քաջազնունու գործերը կամ մոռացությունից հիշատակելի դարձնում և վերանորոգում/մաքրում ՀՀ առաջին վարչապետի ընտանեկան գերեզմանը: Եթե ես մտահոգ լինեի, ըստ պարոն Բրուտեանի, ապա պետք է դիմեի ՀՅԴ գրասենյակներին՝ համագործակցության կամ գուցե թույլտվության համար: Եթե դա չեմ արել, ուրեմն, ինչպես ինքն է գրում, այդ ամենը կեղծիք էր և շոու:

Հովհաննես Քաջազնունին ինձ համար նախ և առաջ ՀՀ առաջին վարչապետն է: Այս տարի, երբ ես առաջին անգամ Հայաստանում վերահրատարակեցի ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային գործը, առաջնորդվեցի ոչ թե այն սկզբունքով, որ Խատիսյանը դաշնակցական է, այլ որովհետև նա ՀՀ երկրորդ վարչապետն է և փայլուն աշխատություն է թողել:

Երբ վերահրատարակում եմ Ստեփան Սապահ-Գիւլեան, Արշակ Ջամալյան կամ Ռուբէն Տեր-Մինասեան, ես նրանց չեմ ընկալում որպես հնչակյան կամ դաշնակցական գործիչ: Երբ մի որևէ բան գրեմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նրան չեմ ընկալի որպես ՀՀՇ-ական, այլ ՀՀ առաջին նախագահ: Երբ գրեմ Սերժ Սարգսյանի մասին, կգրեմ որպես ՀՀ երրորդ նախագահ, այլ ոչ որպես ՀՀԿ-ական:

Անշուշտ, պարոն Բրուտեանը իրավունք ունի գաղտնի, փակ կամ բաց խմբերում քննադատելու ինձ: Պարզապես ինձ համար ցավալի է, որ Քաջազնունուն հիշատակելը կամ նրա գործերը հրատարակելը կամ նրա ընտանեկան գերեզմանը կարգի բերելը ընկալվել է ոչ անկեղծ քայլ՝ շոու և կեղծիք: Հավանաբար, ըստ նույն տրամաբանության, անկեղծ կլիներ, եթե մինչև այսօր՝ ՀՀ հռչակման 100-ամյակի, առաջին վարչապետի ծննդյան 150 և մահվան 80-ամյակի տարում Քաջազնունու ընտանեկան գերեզմանը կորած լիներ մացառների մեջ:

Ո՞վ է խանգարում, որ որևէ այլ անհատ կամ կառույց հրատարակի Քաջազնունու գործերը: Ի դեպ, մտավորականը գոնե պետք է ընդունի, որ 100 տարի առաջվա գրքեր հրատարակելը դյուրին գործ չէ: Հատկապես, երբ չկա հովանավոր և հույսդ վաճառքից ստացվող դրամներն են:

Ցավալի է, որ մեր մտավորականությունը, ինչպես այս դեպքում պարոն Բրուտեանը, կոշտ բառապաշարի փոխարեն (ինչն ընդունելի է), օգտագործում է վիրավորական արտահայտություններ: Հուսանք, որ այսուհետ պարոն Բրուտեանը մարդկանց անունը և ազգանունը կգրի մեծատառով, քանի որ, փոքրատառով գրելը անարգանք է մայրենիի հանդեպ:

Շաբաթ-կիրակի օրերին, երբ ես ընթերցեցի «դաշնակցականներ/arf members» փակ խմբում ծավալված քննարկման մյուս հատվածները, համոզվեցի, որ պարոն Բրուտեանի օգտագործած բառապաշարը մեղր է՝ համեմատած մյուս գրառումների հետ։

Այսպես, փակ խմբի անդամներից Արմինե Մուկոյանը գրում է, մեջբերում եմ բառացի և տառասխալներով․

«Լավ, ուրեմն ումից ենք նեղանում, երբ մենք են ոչ պատմաբան թաթուլ հակոբյանին ֆինանսավորում հակադաշնակցական դիվանագիտորեն պրոպագանդայի, կամ դաշնակցության և կամ հայոց պատմության խեղաթյուրման համար»։

Այս գրության հետ օրիորդը/տիկինը ներկայացրել է մի շարք ՀՅԴ-ականների, ովքեր օգտակար են եղել ինձ՝ իմ հրատարակություններում։

Իրավամբ, ինձ շատ ՀՅԴ-ականներ են օգտակար եղել, երբ ես այցելել եմ Սփյուռք։ Օգտակար են եղել նաև ՀԲԸՄ-ն, հայկական այլ կառույցներ։ Ընդամենը շաբաթներ առաջ ես այցելեցի ԱՄՆ և Կանադա, ելույթ ունեցա ինը տարբեր քաղաքներում։ Կարող եմ ասել, որ Սան Ֆրանցիսկոյի ձեռնարկը հնարավոր եղավ գրեթե բացառապես ՀՅԴ-ական ընկերների կազմակերպչական օժանդակության շնորհիվ։ Չիկագոյում ինձ օգտակար եղավ ՀԲԸՄ-ն, Լոս Անջելեսում՝ ՍԴՀԿ-ն, և այսպես շարունակ։

Եգիպտոսում բնակվող Վարուժ Չիլինգարյանին և մի քանիսին այլ բան է մտահոգել՝ ո՞վ է փակ խմբից արտահոսք թողել։ Նրանցից մեկը զայրացած գրում է, որ շատ կուզենար իմանալ, թե որ «առնետին կամ առնետներին» է վճարել «հակադաշնակցական Թաթուլ Հակոբյանը» [այստեղ իմ անունը և ազգանունը գրված է մեծատառով]։ Պարոն Չիլինգարյանը գրում է․

«կը մնայ գիտնալ թէ ո՞վ է այդ դաշնակցականը․․․ նաև կը սպասեմ թզուկին պատասխանին իմ յաջորդ հարցումիս․․․ որքա՜ն ըսելիք ունիմ դեռ իրեն»։

Պետք է նաև շեշտեմ, որ խմբի մի շարք անդամներ, այդ թվում հայտնի և բարձրաստիճան ՀՅԴ անդամներ, խիստ տոնով քննադատում են նրանց, ովքեր իմ կամ այլ «հակադաշնակցականների» հասցեին սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչեցնում։

Եվ վերջում, քանի որ իմ հասցեին կան նաև ակնհայտ սպառնալիքներ, ես չեմ բացառում, որ իմ ձեռքի տակ գտնվող քննարկման սղագրությունը կտրամադրեմ Հայաստանի պատկան մարմիններին։ Ես կարծում եմ, որ սպառնալիքներ հնչեցնող մարդկանց մուտքը ՀՀ պետք է արգելվի, քանի դեռ նրանք օգտագործում են ֆիզիկական բռնության կոչեր։

Թաթուլ Հակոբյան