ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանից «ժամադրություն չի ստացել», ասում է Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար․ լրագրողներին ասել է Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանի խոսքով՝ «իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը»:

«Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- նշել է Ռուստամյանը։

Ըստ պատգամավորի` նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ: «Առաջին կարևոր քայլն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է ռեյտինգային համակարգը։ Երկրորդ խնդիրը ոստիկանության դերակատարությունն է: Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը: Եթե դա այդպես է, ապա օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, նրա չեզոքության հարցը պետք է ապահովել, քանի որ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն: Երրորդ քայլը ժամանակն է, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: Քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, ժամկետի հաշվարկ պետք է արվի, հետո նշանակվեն ընտրություններ: Եվ սահմանադրական նորմով, որն այսօր կա, երկու անգամ վարչապետի չընտրվելու պարագայում խորհրդարանի լուծարումը, այդ պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ ժամկետների առումով մեզ համար ընդունելի օրը կատարվեն արտահերթ ընտրություններ»,- ըստ yerkir.am-ի պարզաբանել է Ռուստամյանը:

Այս ամենից ելնելով` 1 տարուց ոչ շուտ ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն, նկատել է Արմեն Ռուստամյանը։

***

Հոկտեմբերի 1-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Մարիոթ»-ի սրճարանում առանձնազրույց ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Օրակարգում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցն էր։ Փաշինյանը խորհրդարանի ցրման 2 տարբերակի մասին է խոսում. առաջինը սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությունն է, իսկ երկրորդը՝ համաձայնագրի ստորագրումն է, որով քաղաքական ուժերը կհամաձայնեն վարչապետի ընտրությունից հետո երկու անգամ թեկնածու այդ պաշտոնում չառաջադրել, որին կհաջորդի արտահերթ ընտրություն։ Նա ասում է, որ այս հարցում դեռ ՀՀԿ-ի համաձայնությունը չկա։