Ինչ է պետք իմանալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության մասին

Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցություններն այսօր երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և վերջանականապես։ Առաջին ընթերցմամբ այս դրույթը ամրագրված չէր նախագծում։ Միայն երեկ երեկոյան ներկայացվել է նոր առաջարկ ու հրատապ կարգով այսօր այն ընդունվեց։ Քվեարկությունը տեղի ունեցավ առանց ուղիղ հեռարձակման, լրագրողների մուտքը փակ էր նիստին։ Դեմ քվեարկեց միայն ԵԼՔ խմբակցությունը։

– Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր՝ 105-ից։

– Երեք խմբակցությունները փոփոխությունն արել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները թույլ չտալու համար։

– Մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

– Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո երկու անգամ խորհրդարանը պետք է չկարողանա ընտրել վարչապետ և արձակվի օրենքի ուժով։

– Գործնականում, ժողովուրդը կարող էր պատգամավորներին թույլ չտալ մտնել խորհրդարան և ապահովել քվորում։ Երկու նման գործողությունից հետո ԱԺ-ն, ըստ Սահմանադրության, ցրվում է։

– Այժմ օրենքի նախագիծը սահմանում է, որ եթե կա խոչընդոտ ԱԺ նիստը շարունակելու, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Այսինքն, քանի դեռ ժողովուրդը պատգամավորներին թույլ չի տա մտնել ներս և քվորում ապահովել, ԱԺ նիստը կհամարվի ընդհատված։

– Այս դրույթը վերաբերում է ԱԺ բոլոր նիստերին, սակայն ընդունվել է հատուկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանխելու նպատակով։

Իրավաբան Վահե Գրիգորյանի դիտարկումները

– Оրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:

– Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն՝ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով:

– Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել և որոշումը կայացնել մինչև երեք ամիս ժամկետում:

– Սահմանադրական դատարանի՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը հինգ օր օրենքը ստորագրելու և հրապարակելու համար: Կարող է և ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում և հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից հինգ օրում:

– Դեռ չորս ամիս կա, մինչև այս օրենքն ուժի մեջ կմտնի՝ ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել